ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշմանը։
«Արձանագրության վավերացումը թույլ կտա էլ ավելի ամրապնդել Հայաստանի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների պայմանագրային մարմինների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների կոմիտեի հետ փոխգործակ¬ցությունը՝ էլ ավելի բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային հեղինակությունը»,– նշված է որոշման նախագծում։
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը ստորագրվել է 1989թ. դեկտեմբերի 15-ին:
Արձանագրությունը ստորագրել են 38 պետություն, ուժի մեջ է մտել 87 պետության համար:
Արձանագրության ստորագրմամբ կողմերը համարում են, որ մահապատժի վերացումը կնպաստի մարդկային արժանապատվության բարձրացմանը և մարդու իրավունքների առաջադիմական զարգացմանը:
Մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությամբ ամրագրվում է, որ արձանագրության կողմ պետության իրավազորության ներքո գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի մահապատժի և յուրաքանչյուր Կողմ պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր իրավազորության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար: