ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Մեզ համար շատ կարևոր է պետություն-մասնավոր հատված փոխգործունեությունը, որն ուղղված է Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը: Մեր նպատակն է գնահատել ու բարձրացնել ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների դերը` նպաստելով դրանց աշխատանքի արդյունավետությանը։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
Սեպտեմբերի 8-ին 6-րդ տարին անընդմեջ կկայանա զբոսաշրջության ոլորտի «Արմենիա տուրիստիչեսկայա» մրցանակաբաշխությունը: Այս տարի այն կանցկացվի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ:
«Մրցանակաբաշխության էմոցիոնալ մասը պահպանելու համար այս տարի որոշվել է հաղթողներին նախապես չտեղեկացնել։ Մրցանակաբաշխության օրն իրենց ոլորտի կողմից ընտրված մարդիկ կիմանան, որ հաղթողները իրենք են»,-ասաց մրցանակաբաշխության արարողության ղեկավար Անահիտ Գևորգյանը:
Ներկայացնելով քվեարկության ընթացակարգը՝ Գևորգյանը նշեց, որ քվեարկությունը տեղի է ունենում երկու փուլով:
«Քվեարկությանն իրավունք ունի մասնակցելու զբոսաշրջության ոլորտում գործող յուրաքանչյուր ընկերություն և անհատ: Քվեարկությունը խիստ վերահսկվում է կազմակերպիչների կողմից: Եթե քվեարկվել է իր իսկ ընկերության օգտին՝ այդ ձայնը չենք հաշվելու: Առաջին փուլում հնարավորություն է տրվում ներկայացնել անվանակարգերում առաջադրվածներին, իսկ հետո արդեն, ելնելով քվեարկության արդյունքներից, ներկայացվում է ընտրված լավագույն հնգյակը, որից հետո էլ ընտրվում արդեն բոլոր անվանակարգերի ներկայացվածների լավագույնները»,- նշեց Գևորգյանը:
Բաց քվեարկության արդյունքներով մրցանակաբաշխության օրը հայտնի կդառնան 15 անվանակարգերում առաջադրված լավագույն զբոսաշրջային ընկերությունները, կազմակերպություններն ու անհատները:
Այստեղ եղել են Մանդելշտամն ու Սարտրը. Սևանի հանգստյան տունը կարող է վերանալ. տեսանյութ
Քվեարկության թերթիկներն ուղարկվել են ոլորտի բոլոր ներկայացուցիչների էլեկտրոնային հասցեներին, ինչպես նաև հնարավորություն է տրվել քվեարկել օնլայն՝«Արմենիա տուրիստիչեսկայա» մրցանակաբաշխության կայքէջի միջոցով:
Ազգային ավանդույթների պահպանմանն ուղղված տարվա ծրագիրը, տարվա էքսկուրսավարը, էքստրեմալ տուրիզմի տարվա նախագիծը, ներգնա տուրիզմի տուրօպերատորը, Արցախի տարվա հյուրանոցը, տարվա առողջարանային քաղաքն ու այլ նոմինանտներ հայտնի կդառնան հենց մրցանակաբաշխության օրը:
Զբոսաշրջության կոմիտեի կողմից կշնորհվի նաև հատուկ մրցանակ «Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ուղղված լավագույն միջազգային լրագրողական նախագծի» համար:
«Արմենիա տուրիստիչեսկայա» ամսագրի գլխավոր խմբագիր Ռուբեն Փաշինյանը նշեց, որ շատ է կարևորում, որ հայկական լրատվամիջոցներն ակտիվ լինեն և քաղաքացիներին տեղեկացնեն ոչ միայն հայկական տեսարժան վայրերի, այլև տուրիստական մատչելի առաջարկների մասին:
Փաշինյանը շեշտեց, որ իրենց ամսագիրը ոչ թե զարգացնում է զբոսաշրջության ոլորտը, այլև ներկայացնում է Հայաստանը ամբողջ աշխարհին:
«Անցած տարվա մեր ամսագրի շապիկներից մեկին տեղադրել էինք հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի լուսանկարը: Նա մեկ տարում, լինելով Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում, շատ մեծ գովազդեց մեր երկիրը»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ մեր լրատվամիջոցները պետք է ևս իրենց լուման ներդնեն զբոսաշրջության ոլորտը զարգացնելու գործում:
Sputnik Արմենիայի այն դիտարկմանը, թե շատ է քննարկվում, որ միջին աշխատավարձով ապրող հայը չի կարող իրեն թույլ տալ հանգստանալ Հայաստանում, քանի որ գները մատչելի չեն, Սուսաննա Սաֆարյանը պատասխանեց.
«Նշեմ, որ Վրաստանի մեր գործընկերների հետ մի փոքրիկ հետազոտություն ենք անցկացրել: Մենք համեմատեցինք միջազգային հյուրանոցների գները Հայաստանի և Վրաստանի գների հետ և պարզվեց, որ մեր հյուրանոցներն ավելի մատչելի են:
Հետագայում համեմատեցինք Սևանա լճի մոտակայքի և Վրաստանի ծովափնյա հյուրանոցների գները և հասկացանք, որ մենք ունենք մատչելի առաջարկներ»,- ասաց Սաֆարյանը և հավելեց, որ մեր քաղաքացիները հաճախ գնում են հայտնի հյուրանոցների առաջարկների հետքերով, որոնք ունեն բարձր գներ: Հայաստանում կարելի է գտնել մատչելի և լավ հյուրանոցներ, ուղղակի պետք է փնտրել:
Միաժամանակ Սաֆարյանը նկատեց, որ որոշ ծառայություններ մեզ մոտ թանկ են, օրինակ` թռիչքների արժեքները: «Կարծում եմ` այս ուղղությամբ իմ գործընկերները մեծ աշխատանք են տանում և մոտակա տարիներին կտեսնենք զգալի տարբերություն »,-ասաց Սաֆարյանը:
Անահիտ Գևորգյանն էլ հավելեց, որ Վրաստանում ցանցային, 5 աստղանի հյուրանոցները չունեն այն որակն ու ծառայությունների մատուցումը, որը ունի Հայաստանը :
«Հավատացած եղեք, որ մեզ մոտ ծառայությունները բավականին բարձր մակարդակով են կազմակերպվում, քան Վրաստանում»,-ասաց Գևորգյանը:
«Արմենիա տուրիստիչեսկայան» մրցանակաբաշխության բոլոր հյուրերին կտրվեն արձանիկ-կրծքանշաններ: Հաղթող մասնակիցներին տրվող արձանիկները պատրաստվել են հայտնի քանդակագործ Մարգարիտա Մատուլյանի էսքիզի հիման վրա:
Նշենք, որ այս տարի միջոցառմանը կմասնակցի ավելի քան 500 մարդ, որոնք ներկայացնում են Հայաստանում զբոսաշրջության ոլորտը:
Միջոցառման պաշտոնական բացումը կանի ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Մրցանակաբաշխությունը կուղեկցվի համերգային ծրագրով և տոնական ընթրիքով: