ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ վճիռը ՍԴ-ն այսօր չի հրապարակի։ Այս մասին լրագրողներին ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով` ամենայն հավանականությամբ, ՍԴ-ն վճիռը կկայացնի վաղը` սեպտեմբերի 4-ին, օրվա երկրորդ կեսին:
«Դատական նիստը շարունակվում է և այսօրվա ընթացքում վճիռը չի հրապարակվելու: Վաղը, առնվազն մեկ ժամ առաջ մենք կհրապարակենք, թե հստակ, որ ժամին դատարանը կընթերցի վճիռը»,- ասաց Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր` սեպտեմբերի 3-ին, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը:
Քոչարյանը ՍԴ-ին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը:
Քոչարյանները ոչ մի գույք էլ չեն հանել վաճառքի. Լևոն Քոչարյանը հերքում է լուրը. տեսանյութ
2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն է` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի տապալում: