ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Դատավոր Աննա Դանիբեկյանին մակագրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը։
Դատական նիստը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` ժամը 13:00-ին։
Հիշեցնենք` Սահմանադրական դատարանն այսօր Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննում էր Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի (որը վերաբերում է խափանման միջոցի հիմքերին) և 35-րդ հոդվածի՝ (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառելու մասին) Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Գործով զեկուցողներն էին Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը: Գործով որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավել էր նշված Քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը:
Քոչարյանները ոչ մի գույք էլ չեն հանել վաճառքի. Լևոն Քոչարյանը հերքում է լուրը. տեսանյութ
ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չէր մասնակցում գործի քննությանը։
Համաձայն ՍԴ որոշման՝ Գրիգորյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նա Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդն է:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը, ելնելով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունից, օգոստոսի 28-ին աշխատակարգային որոշմամբ հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով՝ օգոստոսի 29-ին կայանալիք նիստը։
Հիշեցնենք նաև, որ մայիսի 20–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվեց և ուղարկվեց ՍԴ:
ՍԴ–ն վարույթ էր ընդունել 300.1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխանելու հարցի քննության դիմումը։ ՍԴ-ն Քոչարյանի գործով հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։
Վերաքննիչը Քոչարյանների գործով միանգամից երկու բողոք է մերժել. պաշտպանական թիմ
ՍԴ–ն որոշել էր նաև Քոչարյանի գործի վարույթը կասեցնել` մինչև ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովից պատասխանները ստացվեն։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: