ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. «Էկո ֆիշ ֆեսթ» փառատոնը կմեկնարկի Սևանա լճի ամբողջ տարածքի մաքրման աշխատանքներով: Համամարզային շաբաթօրյակին կմասնակցեն Գեղարքունիքի մարզի բոլոր կառույցներն ու այն անձինք, ովքեր մտահոգված են Սևանա լճի մաքրությամբ և պատրաստ են բազմոցին նստելու և Facebook-ում ստատուս գրելու փոխարեն օգնել խնդրի լուծմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Մենք ուզում ենք ևս մեկ անգամ Սևանա լճին շնորհակալություն հայտնել իր չքնաղության համար և կարևոր նշանակության համար, որ մեզ պարգևում է: Ուզում եմ այս շաբաթօրյակով մեր մեղքերը քավենք, որ Սևանի ափին հանգստանալու ժամանակ երբեմն մեզ այնպես ենք պահում, որից լիճը տուժում է»,-նշեց մարզպետը:
Սանոսյանը նշեց, որ ի ուրախություն շատերի, ձկնորսությունը կբերվի արդյունաբերական դաշտ և կկարգավորվի օրենքով: Պետությունն այնպիսի ծրագիր պետք է մշակի, որ Սևանա լճում միշտ ձուկ լինի, և մեր բնակիչներն էլ Սևանի բարիքներից օգտվեն:
Ռեստորանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահե Գևորգյանն ավելի մանրամասն խոսեց փառատոնի անցկացման ծրագրից:
«Սեպտեմբերի 14-ին Սևանի թերակղզում կմեկնարկի «Էկո ֆիշ ֆեսթ» փառատոնը, որն այս տարի առաջին անգամ է մեծամասշտաբ անցկացվելու: Մենք ցանկանում ենք փառատոնը դարձնել ամենամյա»,-ասաց Գևորգյանը, հավելելով, որ հիմնական շեշտը դրել են տեղի ռեստորանների վրա, քանի որ նպատակ ունեն դրանք զարգացնելու:
Փառատոնին կմասնակցեն 20 տեղական ռեստորաններ և ևս 10-ը՝ Երևանից ու տարբեր մարզերից, որոնք իրենց ճաշացանկում ունեն ձկնեղենով ուտեստներ: Փառատոնին կմատուցվի նաև գարեջուր և գինի: Երեկոյան կլինի մշակութային ծրագիր, համերգ՝ հայտնի երգիչների և բենդերի մասնակցությամբ: Փառատոնը կավարտվի մեծ հրավառությամբ, որը տեղի կունենա նավերի վրա:
Sputnik Արմենիայի այն հարցին, թե որքանով տուժեց Սևանի կանաչելուց տուրիզմի ոլորտը, տեղի ռեստորանների տերերին արդյո՞ք գոհացնում է այս տարվա եկամուտը, Վահե Գևորգյանը պատասխանեց. «Հստակ տվյալներ չկան, բայց ամեն դեպքում նշեմ, որ պարբերաբար խոսել եմ ռեստորանների տերերի հետ, որոնք փաստում են, որ տուրիստների հոսքը նախորդ տարիների համեմատ նույնիսկ աճել է: Ռեստորանային բիզնեսը շատ մեծ հեռանկարներ ունի»,-ասաց Գևորգյանը և հավելեց, որ Գեղարքունիքի մարզը բիզնեսի համար չօգտագործված դեռ մեծ պոտենցիալ ունի:
Մարզպետը նշեց, որ Սևանի կանաչելու երևույթն առկա է դեռևս 1960-ական թվականներից:
Ըստ մարզպետի՝ ամբողջ խնդիրն այն է, որ երևույթը միշտ նկատվել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և փոքր մասշտաբներով, և այդ մասին տեղյակ են եղել միայն տեղացիները, իսկ վերջին երկու տարիներին երևույթի սեզոնայնությունը փոխվել է, և այն նկատվում է հունիս-հուլիս ամիսներին:
«Մեր ազգի 70 տոկոսն այդ օրերին ինչ կարծիք ուներ Սևանի մասին՝ արտահայտեց Facebook-ում ստատուս գրելով` ոմանք երևույթը հասկանալով, ոմանք՝ ուղղակի թեմայի մեջ լինելու համար»,-ասաց մարզպետը և սիրով հրավիրեց բոլոր մտահոգ քաղաքացիներին միանալ իրենց Սևանա լիճը միացյալ ուժերով մաքրելու համար, որպեսզի եկող տարի հնարավորինս խուսափենք այդ երևույթից:
Սևանա լիճ. Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին
Նշենք, որ շաբաթօրյակին մարզի բնակիչներն ու կամավորները կմաքրեն Սևանի ափերը, առափնյա տարածքները, անտառները, Ազգային պարկի տարածքը: