ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն այսօր առավոտից դասադուլ են սկսել։«Հանուն որակյալ կրթության» նախաձեռնության ակտիվիստները դեմ են բուհի ռեկտոր նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրաժարականին։ Ուսանողները բողոքում են պրոֆեսորադասախոսական կազմին և ղեկավարությանը ծանոթով նշանակելու դեմ։
Նրանք կրթության նախարար Արայիկ Հարությունյանին արդեն մի շարք նամակներ են ուղղել, որտեղ ներկայացրել են, մասնավորապես, ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում առկա գրագողության օրինակները։
Այնուամենայնիվ, ինչպես նշում են ուսանողները, նրանց բողոքն ուղղված չէ Դիանա Գալոյանի կամ որևէ անձի դեմ։ Նրանք որակյալ կրթություն են պահանջում, որի համար քիչ գումար չեն վճարում։
«Մեզ համար կարևոր է, որ Ռուբեն Հայրապետյանը վերադառնա համալսարանի ռեկտորի պաշտոնին և շարունակի ուսումնական գործընթացի բարեփոխումները», – Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նախաձեռնության ակտիվիստներից Անի Խաչատրյանը։
Ակցիայի մասնակիցները նախարարությունից դեռ պատասխան չեն ստացել, սակայն հույս ունեն, որ շուտով կարձագանքեն։
Համալսարանում իրավիճակը մեկնաբանել չկարողացան` զբաղվածության պատճառով։
Հիշեցնենք, որ համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանը 2018 թվականի դեկտեմբերին պաշտոնը լքել էր սեփական դիմումի համաձայնվ։ Այդ ժամանակ նրան այդ պաշտոնում փոխարինեց Ռուբեն Հայրապետյանը։