ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի–Sputnik․ «Հայաստանի համապարփակ անվտանգության և զարգացման օրակարգը սահմանում է մեր արտաքին քաղաքականության գերակայությունները․ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանարապետությունը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ»։ Այս մասին հայտնեց Զոհրաբ Մնացականյանը այսօր մեկնարկած՝ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին։
Մնացականյանը, խոսելով Ռուսաստանի հետ կապերի մասին, ընդգծեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդները ոչ միայն պատմամշակութային, այլև մարդկային սերտ կապեր ունեն։ Ինչ վերաբերում է պետական համագործակցությանը, ապա դրա օրակարգը նույնպես բազմաշերտ և ծավալուն է։
«Այն ներառում է ռազմաքաղաքական անվտանգության, էներգետիկ և ենթակառուցվածքների զարգացման, առևտրատնտեսական համագործակցության, կրթական և մշակութային փոխանակումների ծրագրեր և զարգանում է հանրային կյանքի գրեթե բոլոր ուղղություններում»։
Նախարարը նաև կարևորել է ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակում ընթացող Հայաստանի՝ ինտեգրացիոն գործընթացը և բոլոր անդամ երկրների միասնական շահերի մշակումն ու հետապնդումը։