Ռազմիկ Գրիգորյանին մտահոգում է այն հանգամանքը, որ Հայաստանում պրոֆեսիոնալ մարզչի արտոնագիր ունեցող շատ մասնագետներ մատնված են պարապուրդի, թեև ժամանակին նրանց արտասահմանյան վարժընթացների վրա ծախսվել են մեծ գումարներ: Փոխարենը շարունակում են արտերկրից մասնագետներ հրավիրել, ովքեր դեռ ոչ մի արդյունք չեն գրանցել: Ամենաթարմ օրինակն առնչվում է իսպանացի մասնագետներին, որոնց հրավիրել է ՀՖՖ-ն:
«Օտարազգի նույնիսկ ամենալավ մարզիչը չի կարող մեր նման սրտացավ լինել ու նվիրված աշխատել: Դրսից եկածների մոտիվացիան միայն փողն է, ու ցավալի է, որ նրանց վճարված հսկայական միջոցների պարագայում էական ոչ մի արդյունք չկա»,– ասում է Ռազմիկ Գրիգորյանը։
Անվանի ֆուտբոլիստին անհանգստացնում է նաև հեռանկարային ֆուտբոլիստների ճակատագիրը, ովքեր դուրս են մնում ԲԿՄԱ ակումբի կազմից և նրանց հետագա առաջընթացի հարցում առաջանում է խզում:
«Պետք է պարզել, թե ինչ չափանիշներով են ԲԿՄԱ-ում հայտնվում ֆուտբոլիստները: Այստեղ խնդիրը չի առնչվում միայն իմ որդուն: Ես պատրաստ եմ բարձրացնել նաև այն ծնողների ձայնը, ովքեր նույնպես հայտնվել են նման խնդրի առջև, բայց անկարող են խոսել այդ մասին: ԲԿՄԱ-ում ֆուտբոլիստների ընտրության գործընթացը պետք է լինի բաց, արդար ու ընդունելի»,– նշում է Ռազմիկ Գրիգորյանը։
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ նախկին ու աճող սերնդի ֆուտբոլիստների միջև առաջացել է որոշակի զտում։ Իր երբեմնի թիմակիցներից շատերն այսօր արտերկրում զբաղվում են մարզչական աշխատանքով, գրանցել են զգալի առաջընթաց, սակայն նրանց ոչ ոք չի հրավիրում Հայաստան: Օրինակ՝ Երվանդ Սուքիասյանն այժմ աշխատում է ավստրիական «Տիրոլ» ակումբի մանկապատանեկան ակադեմիայում, իսկ Հարություն Աբրահամյանը մարզում է իրանցի հայտնի դարպասապահներին: