Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի facebook-յան գրառմանը՝ նշելով, թե հեղափոխության կապիտալիազացիան ենթադրում է, որ ամբողջական իրավաքաղաքական գնահատական պետք է տրվեր նախկին համակարգին, նրա գործունեությանը:
«Բայց ինձ համար տարակուսելի է, որ նախկին իշխանության ներկայացուցիչներն են խոսում հեղափոխության անկատարելիության, իշխանափոխության կամ դրա փոխակերպման մասին»,-նշում է Սուրեն Սուրենյանցը:
Քաղաքագետն ընդգծում է, որ Երևանի փողոցներում հավաքված հազարավոր մարդիկ շատ ավելի արմատական պահանջներով էին հանդես գալիս: Սուրենյանցի կարծիքով՝ իսկապես հեղափոխություն տեղի չի ունեցել, տեղի ունեցածը իշխանափոխություն էր:
«Հասարակությունն ավելի արմատական օրակարգ է առաջադրել իշխանությանը, և հեղափոխությունն, ըստ էության, առաջադրվել է հանրահավաքների օրակարգում»,-նշում է Սուրեն Սուրենյանցը:
Անդրադառնալով «վրեժխնդրությամբ առհասարակ պետություն չես կառուցի» տեսակետին՝ քաղաքագետն այն համոզմունքն է հայտնում, որ կարևորը նախկին համակարգին գնահատական տալն է և սահմանագիծ գծելը:
«Պարտադիր չէ, որ պետությունն օգտագործի իր բոլոր ռեպրեսիվ մեթոդները: Այստեղ կարևորը բովանդակային լուծումներն են, և այն, թե ինչպիսի մեխանիզմներ կգտնենք»,- նշում է Սուրեն Սուրենյանցը՝ շեշտելով, որ հակված չէ նրան, որ բանտերը լցվեն նախկին համակարգի ներկայացուցիչներով, մանավանդ որ՝ հանրապետության կյանքը չի ավարտվելու այս հեղափոխությամբ: