ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Բիշքեկի քաղաքային դատարանը կալանքի տակ է թողել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին. նա Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանում է։ Կալանքի ժամկետը մինչև օգոստոսի 26-ն է, հայտնում է Sputnik Ղրղզստանը։
Բիշքեկի քաղաքային դատարանի արտագնա նիստը անցկացվում էր Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանում։ Փաստաբանը առաջարկում էր ազատ արձակել Աթամբաևին։
«Արտագնա նիստն անցկացվում էր փակ ռեժիմով, թեև գործի նշանակման մասին որոշման մեջ ասվում է, որ այն բաց է։ Սա ուղղակիորեն հակասում է օրենքին։ Այսինքն` դատավորներն իրենք իրենց համար որոշել են, որ պետք է բաց նիստ անցկացնել, սակայն այն փակ է եղել։ Խափանման միջոցը չի փոխվել։ Դատարանն արդեն խախտել է բազմաթիվ օրենսդրական ակտեր, այդ թվում Քրեական դատավարության օրենսգիրքն ու Սահմանադրությունը», – ասել է փաստաբանը։
Աթամբաևը մեղադրվում է 14 քրեական գործերով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները սկսեցին նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու գործողությունները Քոյ–Թաշ գյուղի նրա նստավայրում, որը գտնվում է մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Նրանք նախկին առաջնորդի համախոհների դեմ հատուկ միջոցներ կիրառեցին։ Աթամբաևի համախոհները պատասխան կրակ բացեցին։ Նախկին նախագահի համախոհների և հատուկջոկատայինների բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 80–ի։ Հատուկջոկատայիններից մեկը զոհվել է։
Ղրղզստանում նախկին նախագահի տան վրա գրոհած հատուկջոկատայիններից մեկը մահացել է
Օգոստոսի 8-ին իրավապահները երկրորդ գրոհն իրականացրին, արդյունքում քաղաքական գործիչը հանձնվեց։ Ավելի ուշ Աթամբաևի համախոհներին սկսեցին ուժով ցրել։ Վերջին տվյալների համաձայն` բախումների երկու օրերի ընթացքում 136 մարդ է տուժել։ Աթամբաևի մի քանի համախոհներ կալանավորված են։