ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետի մասնակցությամբ տուրիստական շրջայցն առաջիկայում կվերածվի «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գովազդային հոլովակի։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հոլովակը, հեղինակների համոզմամբ, լայն տարածում գտնելով` հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի մասին զբոսաշրջիկների իրազեկվածության մակարդակը և խթանել դեպի Հայաստան օտարեկրյա զբոսաշրջիկների հոսքը:
«Վարչապետն է Ձեր զբոսավարը» ճանաչողական արշավի մեկնարկը տրվել էր օգոստոսի 14-ին` Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել էր Նիդեռլանդներից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց ներկայացնելով Երևանի զբոսաշրջային գրավչությունները։
Փաշինյանը` զբոսավար. վարչապետն օտարերկրացի զբոսաշրջիկների հետ շրջում է ավտոբուսով
Ընդ որում, 2 տասնյակից ավելի զբոսաշրջիկների համար անակնկալ էր ինչպես այցելությունների երթուղին, այնպես էլ «ուղեկցող զբոսավարը»։
Վերջին կանգառը ՀՀ կառավարության մասնաշենքն էր, որտեղ վարչապետի ուղեկցությամբ խումբը ծանոթացավ ճարտարապետական կառույցին։ «Հայաստանի գինեգործների և խաղողագործների հիմնադրամ»-ի կողմից հատուկ հյուրերի համար կազմակերպվեց հայկական գինիների համտես: Շրջայցի ավարտին վարչապետը հյուրերին նվիրեց հատուկ փաթեթներ` Հայաստանի մասին ճանաչողական նյութերով և հուշանվերներով: Հուշանվերների շարքում խորհրդանշական էին հատուկ այս առիթով պատրաստված կրծքանշանները` «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գրությամբ, որոնք յուրահատուկ հուշ կդառնան զբոսաշրջիկների համար: