ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. «Կենտրոն կանաչապատում» ընկերության տնօրենի 35-ամյա օգնականին դանակահարել են, 37-ամյա վարորդին՝ ծեծի ենթարկել:
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 14-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել «Կենտրոն կանաչապատում» ընկերության 37-ամյա վարորդը, որի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք։
Նրա հոսպիտալացվելուց րոպեներ անց շտապօգնության մեքենայով նույն բուժհաստատություն է տեղափոխվել նաև «Կենտրոն կանաչապատում» ընկերության տնօրենի 35-ամյա օգնականը, որը դանակահարված վիճակում է եղել։
Շտապօգնության մեքենան նրանց հիվանդանոց է հասցրել Կոնդում գտնվող Ռուսթավելի փողոցից։
Ըստ Sputnik Արմենիային հասած լուրերի՝ այստեղ ծառահատում կատարելու հարցի շուրջ վեճ է սկսվել նրանց ու բնակիչներից մի քանիսի միջև։
Պարզաբանումները թեժացել ու հանգուցալուծվել են ընկերության աշխատակիցների դաժան ծեծով ու դանակահարությամբ։
Մեր տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են այդ անձանց ինքնությունն ու նրանց բերման ենթարկել։
Այլ մանրամասներ ճշտվում են։
Դանակահարություն Երևանում. տղամարդուն ծեծել են ու դանակով հարվածել նրա նստատեղին