ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Ամերիկյան դերասան Էրիկ Ռոբերտսը` աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերտսի եղբայրը, հայտարարել է, որ ցանկանում է ռուսական քաղաքացիություն ստանալ։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ռոբերտսն այցելել է Ռուսաստան` մարտական սամբոյի միջազգային մրցաշարին մասնակցելու, որն ընթանում է Սոչիում։
«Ես շատ եմ սիրում մարտարվեստներ, մարտիկներին, ուստի եկել եմ Ռուսաստան` մենամարտերի հիանալի երեկոն տեսնելու։ Ես ուզում եմ ստանալ երկրորդ քաղաքացիություն, և այն ռուսական կլինի»,-ասել է դերասանը Սոչիում գործակալության հետ զրույցում։
Ռոբերտսը մի քանի անգամ այցելել է Ռուսաստան և խոստովանում է, որ նրան այդտեղ դուր է գալիս։
«Ռուսաստանը շատ ռոմանտիկ է։ Այն ինձ հիշեցնում է Ամերիկան։ Յուրաքանչյուր երկրում իր հիանալի կյանքը կա», – եզրափակել է դերասանը։
Էրիկ Ռոբերտսը նկարահանվել է ավելի քան 400 կինոնկարում։ Դերասանին առաջադրել են «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Նա Ջուլիա Ռոբերտսի ավագ եղբայրն է։