ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։ Մամուլում տարածված այս տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նաև հայտնեց, որ վիրավորում ստացածը պայմանագրային զինծառայող է, նա 27 տարեկան է։
Դեպքից այլ մանրամասներ ՊՆ–ն այս պահին չի հաղորդում։
Մինչ այդ, Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ում գրառում էր արել` իր դժգոհությունը հայտնելով վիրավոր զինվորի մասին մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ։
«Հերթական անգամ ցանցը պայթեցրին հայ զինծառայողի վիրավորվելու մասին լուրով: Արդեն չորս տարի է ասում եմ, որ վիրավորներին չենք հայտնում»,– գրել էր նա` պարզաբանելով, որ դա արվում է հակառակորդի կրակոցի արդյունավետությունը չհաստատելու համար։