Միջազգայնագետ, ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ–ի հայաշատ Լոս Անջելես քաղաքում սպասվող հանդիպման մասին։
Ըստ Սարգսյանի` Կալիֆոռնիան, լինելով ամենաշատ կոնգրեսականներ ունեցող նահանգը, հայերի կողմից էֆեկտիվ օգտագործվում է այն առումով, որ կալիֆորնիայի հայերը կարողանում են հայկական կազմակերպությունների միջոցով ակտիվ աշխատել կոնգրեսի հետ, արդյունքում ազդեցություն են ձեռք բերում ԱՄՆ–ի օրենսդիր և գործադիր մարմինների վրա։
ԱՄՆ–ի հետ քաղաքական երկխոսության դեֆիցիտ չկա. Մնացականյան
«Եթե ճիշտ շեշտադրումներ արվեն և ճիշտ հասարակական ընկալում ձևավորվի Վաշինգտոնում՝ շատ քաղաքական գործիչներ, կոնգրեսականներ և նախագահի թեկնածուներ հայերի ձայներն ունենալու նպատակով կանեն ամեն բան և կփորձեն լավ հարաբերություններ ձևավորել Հայաստանի և հայ համայնքի հետ»,–ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով` վարչապետի՝ Լոս Անջելեսում սպասվող հանդիպումը կարելի է նաև քաղաքական անվանել, քանի որ, բնականաբար, քաղաքական գործնթացներին մասնակցող անձինք, որոնք ցանկանում են ընտրվել, օրինակ, ԱՄՆ նախագահի, կոնգրեսականի կամ սենատորի պաշտոններում՝ կհասկանան, որ հայկական պետության ղեկավարությունը լուրջ ազդեցություն կարող է ունենալ համայնքի վրա և այդ առումով կփորձեն Հայաստանի հետ իրենց հարաբերություններն այդ տրամաբանությամբ կառուցել և դա կարող է օգտակար լինել։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի՝ «Սփյուռքի մայրաքաղաք» այցելությունը լինելու է սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի Գրանդ Փարկում, որտեղ Փաշինյանը հանդես կգա ելույթով: