ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Գյումրու քաղաքապետարանն իրեն չպատկանող կառույցը չէր կարող նվիրել «ֆրանկ Մյուլլերին»: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը:
«ֆրանկ Մյուլլերի» ղեկավար Վարդան Սիրմաքեշը օրեր առաջ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ ինքը Գյումրու քաղաքապետարանից 2 կառույց է պահանջել ներդրումային ծրագիրն իրականացնելու համար, սակայն քաղաքապետարանը տրամադրել էր միայն մեկը, ինչն էլ «ստիպել» է ներդրողին ծրագիր չիրականացնել:
Նշենք, որ խոսքը վերաբերում է Գյումրու «Բուլվարային» թաղամասի երկու հանդիպակաց կառույցներին և հարակից տարածքին:
Sasstex-ում խնդիրներ չկան, եթե կարծում են կան` թող դիմեն դատարան. Վարդան Սիրմաքեշ
«Նշված շենքերից մեկը համայնքապատկան էր, որը ավագանու որոշմամբ հատկացվել էր «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը, իսկ մյուս շենքը՝ պետական սեփականություն, որի տրամադրելու իրավասություն համայնքապետարանը չունի: Պետական սեփականությունը համայնքը տրամադրել չի կարող: Ըստ ծրագրի, այնտեղ լինելու էր արհեստների կենտրոն»,-ի պատասխան Սիրմաքեշի հայտարարության՝ Sputnik Արմենիային ասաց Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը:
Նշենք, որ մեկ տարի առաջ Գյումրու ավագանին Գյումրու Գործարանային 2/4 հասցեի՝ նախկին ռադիոգործարանի շենքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել էր «ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը՝ այդ հատվածում ներդրումային ծրագիր իրականացնելու ու արհեստագործական կենտրոն ստեղծելու համար:
Սակայն այս տարի նույն ավագանին որոշեց այդ շենքը հանձնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ այն պատճառաբանությամբ, որ մեկ տարվա ընթացքում շենքի վրա որևէ հիմնանորոգման աշխատանք չի իրականացվել:
Հիմնադրամն այդ շենքում 50 բնակարան կկառուցի, ևս 50 բնակարան էլ նախատեսվում է կառուցել արդեն Գործարանային փողոց N 2/6 հասցեում: