ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Իրաքի շրջաններից Հայաստանին է մոտենում տաք օդի հերթական ալիքը. այսօրվանից մինչև օգոստոսի 16-ը բոլոր մարզերում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը` 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, կհասնի +38․․․+39։ Իսկ առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի կհասնի ջերմաստիճանը»,–գրում է Սուրենյանը։
Նրա խոսքով` առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում պահպանվելու է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը: