Արդարադատության նախարարության օրենսդրության մշակման բաժնի պետ Գոհար Հակոբյանի խոսքով` նախագիծը բարելավված, կատարելագործված կառուցակարգ է` ուղղված դատավորների բարեվարքության գնահատմանը մի քանի ուղղություններով։
«Առաջինը գույքային դրությունն է, որը ենթադրում է գույքի օրինականության ստուգում, երկրորդը` մասնագիտական էթիկայի կանոնների պահպանումն է, երրորդը` պրոֆեսիոնալիզմն ու հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հակոբյանը։
Նրա խոսքով` այս երեք ուղղություններով կառուցակարգը ներդրվում է կարգապահական պատասխանատվության միջոցով։
«Ոչ մի ժամանակավոր, էքստրաօրդինար, սահմանադրությամբ չնախատեսված գործընթաց չի լինելու։ Լինելու է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգը, պարզապես ավելի կատարելագործված եղանակով, ինչը թույլ կտա վերհանել բոլոր խնդիրներն ու դրանց համարժեք արձագանք տալ` առանց վտանգելու դատարանների անկախությունն ու կայունությունը»,–նշում է Հակոբյանը։
Կառավարությունը որոշել է, որ ճգնաժամ կա և գտել է ելքը. ինչ են առաջարկում ՍԴ դատավորներին
Մասնագետը փաստում է, որ փաստաթուղթը մշակելիս ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը` Ուկրաինա, Վրաստան, Ալբանիա, Հունգարիա, Լեհաստան։
«Չեմ կարող ասել, որ մեր կողմից ընտրված մոդելը հիմնված է այդ երկրներից որևէ մեկի օրինակի վրա, քանի որ յուրաքանչյուր երկիր ունի իրեն հատուկ խնդիրներ»,–ասում է Հակոբյանը։
Հակոբյանն ընդգծում է, որ Հայաստանին հատուկ խնդիրներին արձագանք տալու համար ներկայացրած մոդելը հնարավորինս հավասարակշռված է։ Այն համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը ու միջազգային պարտավորություններին։