ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Այսօր, օգոստոսի 12-ին, UTA880 չվերթով Երևանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը չի կատարել պլանավորված չվերթը։ Այս մասին տեղեկանում ենք Facebook սոցիալական ցանցի՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի էջից։
«Երևան–Մոսկվա չվերթը չի կայացել օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով»,–հայտնում է քաղավիացիան։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է Utair ավիաընկերության՝ հայաստանյան ներկայացուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով։ Մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սննդով: