Թաթուլ Համբարձումյանն ընդամենը 12 տարեկան է, բայց նա արդեն երկար տարիներ է՝ պրոֆեսիոնալ դուդուկահար է։ Հինգ տարեկանում մասնակցել է առաջին մրցույթին, իսկ հաղթելուց հետո սկսվել է նրա աստղային կարիերան։ Թաթուլն արդեն հասցրել է նվագել Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ դահլիճում, Վաշինգտոնում՝ Կոնգրեսի գրադարանի բեմում, Մոսկվայի Կրեմլի պալատում ու մի շարք այլ համերգասրահներում։
Տղայի համար ամենահիշարժանը, սակայն, 2015թ.-ին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթն է եղել։ Նա նվագում էր հինգ երկրի նախագահների առաջ։
«Ինձ համար կարևոր է՝ ով է ինձ լսում ու ինչպես եմ ելույթ ունենում»,-խոստովանեց փոքրիկ դուդուկահարը։
Թաթուլն օրական մի քանի ժամ պարապում է։ Նա համարում է, որ իր հաջողության գրավականը հենց իր աշխատասիրությունն ու իր լավ ուսուցիչներն են։
Թաթուլը հույս ունի, որ տարեցտարի էլ ավելի լավ է նվագելու ու մի գեղեցիկ օր մենահամերգ կունենա Հայաստանի կամերային երաժշտության տանը։
«Սիրում եմ մրցույթներ, բայց երբ բեմ եմ դուրս գալիս, սկսում եմ վախենալ, որ գլուխ չեմ հանի։ Միանգամից հավաքվում եմ ու սկսում նվագել։ Այդ ժամանակ ամեն ինչ կանգ է առնում, մոռանում եմ ամեն ինչի մասին ու վայելում եմ երաժշտությունը», -խոստովանում է տղան։
Թաթուլը համագործակցում է «Նոր անուններ» նախաձեռնության հետ, որի կազմում բազմաթիվ երկրներում է եղել։ Խոստովանում է, որ հանդիսատեսն ամեն տեղ իրեն ջերմ է ընդունում, բայց առանձնահատուկ ջերմություն է զգացել Լոս Անջելեսում, ուր հայտնվել է երկար ճանապարհորդությունից հետո ու արդեն տանը լավ կարոտած։ Իսկ այնտեղ՝ «Հրեշտակների քաղաքում», ամեն տեղից հայերեն խոսք էր հնչում, շուրջը բազում հայեր կային ու տան մթնոլորտ էր ստեղծվում։
Տղան չի պատրաստվում հեռանալ Հայաստանից, բայց արդեն մտածում է երկրորդ մասնագիտության մասին։
Թաթուլն ուզում է իրավաբան դառնալ, որ համերգների ու շրջագայությունների ժամանակ կարողանա ինքնուրույն լուծել թղթաբանության հետ կապված բոլոր հարցերը։
Փոքրիկ դուդուկահարը նաև մաթեմատիկա ու ֆուտբոլ է սիրում։ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի երկրպագուն է ու պաշտում է հարձակվող Նեյմար դա Սիլվային։ Բայց միևնույնն է, կուզենար խաղալ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ, եթե ստացվի՝ գոլ խփել նրան։
Դուդուկը, հայկական ծովն ու Սևանի քյաբաբը. Շիրվինդտը «դիմակազերծել» է Հայաստանը. տեսանյութ