ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատած և հետո օպտիմալացման տակ ընկած 106 բուժաշխատողի կտրվի փոխհատուցում հունվար-փետրվար ամիսների համար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Խնդիրը նրանում է, որ Պաշտպանության նախարարությունը վերակազմավորել է գործող 45 զինվորական կոմիսարիատները և դրանց կից բժշկական հանձնաժողովները: Արդյունքում ձևավորվել է 16 զինվորական կոմիսարիատ՝ 5-ը Երևանում և 11-ը` մարզերում:
Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովների օպտիմալացման անցումային էտապում՝ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին, առաջացել են խնդիրներ դեռևս գործող հանձնաժողովների կազմում աշխատող այն բուժաշխատողների վարձատրության առնչությամբ, որոնք հետագայում չեն ներգրավվել նոր կազմավորված հանձնաժողովներում:
Խնդրի կարգավորման կապակցությամբ` Հայաստանի վարչապետի աշխատակազմ, առողջապահության նախարարություն և մարզպետարաններ են դիմել զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատած և չվարձատրված մի շարք բուժաշխատողներ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` իրականացվել է հարցի համապարփակ ուսումնասիրություն:
Տոնոյան. «Առողջական խնդիրներով զորակոչիկների ներկայությունը բանակում խնդրահարույց է»
Արդյունքում պարզվել է, որ 106 բուժաշխատող ներգրավված է եղել զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում` օպտիմալացման շրջանում, սակայն հետագայում չեն շարունակել աշխատանքը նոր ստեղծված հանձնաժողովների կազմում:
Առողջապահության նախարարի հրամանով` նրանք կստանան համապատասխան փոխհատուցում հունվար-փետրվար ամիսների համար: