ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը բացահայտել է մարզային մի շարք կրթական հաստատությունների տնօրենների կատարած չարաշահումները։
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվականից, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը 2015 թվականի դեկտեմբերից 2016-ի հուլիսը որպես խմբավար է գրանցել Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին փոխտնօրենին։ Խմբավարն աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա անվամբ դուրս գրված 2 000 000 դրամ աշխատավարձը տնօրենը յուրացրել է։
Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի պահակն էլ 10 տարի աշխատանքի չի հաճախել` 2008 թվականի նոյեմբերից մինչև 2018-ի դեկտեմբեր։ Նրա 5 765 300 դրամ աշխատավարձը տնօրենը յուրացրել է։
Բացի այդ պարզվել է, որ Ստեփանավանի նույն դպրոցի տնօրենը վաճառել է ՄԱԿ-ի «Համաշխարհային ծրագիր-Հայաստան» գրասենյակից դպրոցին հատկացված ալյուրի մի մասը։
Վանաձորի Սարգիս Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջի տնօրենն էլ 2016 թվականին աշխատանքի է ընդունել քոլեջի հաշվապահի ամուսնուն, որն աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա աշխատավարձը տնօրենը յուրացրել է։
Աշխատանքի է ընդունել նաև իր կնոջն ու դուստրերին, որոնք նույնպես աշխատանքի չեն ներկայացել։ Յուրացվել են նաև քոլեջում որպես բանվոր ու համակարգչային տեխնիկայի սպասարկող գրանցված երկու անձանց աշխատավարձերը, որոնք 2014-ից 2016 թվականներին աշխատանքի չեն ներկայացել։
Հնդկաստանի քաղաքացուն սպառնացել են ու կաշառք պահանջել. ձերբակալվել են ԱԱԾ պաշտոնյաներ
Ընդհանուր առմամբ՝ Վանաձորի քոլեջի տնօրենի յուրացրած գումարը կազմել է 2 300 000 դրամ։
Բոլոր դեպքերի առիթով հարուցվել են քրեական գործեր։
Ոստիկանությունից հայտնում են նաև, որ բոլոր վերոհիշյալ դեպքերի վերաբերյալ օպերատիվ տվյալները ստացվել են ԱԱԾ–ից։