ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Արջի քոթոթը հայտնվել է «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Սուրեն Աղաջանյանի աշխատասենյակում: Հումորային լուսանկարը Facebook սոցիալական ցանցում ակտիվորեն տարածվում է:
Sputnik Արմենիայի թղթակիցը զավեշտալի դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ է պարզել:
«Դիլիջան քաղաքի բնակիչներն են քոթոթին տեսել և ահազանգել: Քոթոթը տեղափոխվեց մեզ մոտ, սակայն մի քանի ժամ վանդակում մնալուց հետո անհանգիստ էր, ուստի նրան տեղափոխեցինք Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի անտառի տարածք»,- ասաց «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականը:
Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի տնօրեն Թաթուլ Թովմասյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այս պահին քոթոթը իրենց մոտ է և իրեն շատ լավ է զգում:
«Ախորժակով ուտում է, խմում, հետո էլ խաղում է, շատ հանգիստ է, նյարդային ոչինչ չի անում: Քոթոթը կմնա այստեղ այնքան ժամանակ, մինչև Ազգային պարկը որոշում կայացնի նրա ճակատագրի վերաբերյալ»,-ասաց Թովմասյանը:
Հիշեցնենք, որ երեկ Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի բակում տեղացիները փոքրիկ արջի քոթոթի էին տեսել։ Արջուկի ճակատագրով մտահոգ Դիլիջանի բնակիչ Նարինե Բալդրյանը զանգահարել էր «Դիլիջան» ազգային պարկ և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Հյուրանոցի տերն իր մեքենայով քոթոթին տեղաթփոխել էր «Դիլիջան» ազգային պարկ: