ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Գյումրիում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է: Առաջինը ջրվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Միջոցառումները կշարունակվեն Վարդանանց հրապարակում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պրոդյուսեր, ծնունդով գյումրեցի Ռուբեն Մխիթարյանի «Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է, նշենք Վարդավառը Գյումրիում» չելենջին շատ հայտնիներ միացան: Նրանցից շատերը Գյումրին են ժամանել երեկ երեկոյան, մյուսներն այսօր են գալու:
Տոնը նորմալ կազմակերպելու համար Գյումրիում բոլոր կառույցներն իրենց ջանքերն են ներդրել: Քաղաքապետարանի ջրցան մեքենաները կենտրոնական հրապարակում սպասում են բոլորին, քաղաքապետարանին են միացել նաև ԱԻ նախարարության մեքենաները, իսկ մինչ միմյանց կջրեին, առավոտ վաղ բոլորով «մի լավ ջրել են» քաղաքի արձանները: Օրվա ընթացքում Գյումրի այցելած հյուրերին հաճելի անակնկալներ են սպասվում: