Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Իրաքից եկող տաք հոսանքների ու դրա հետևանքով մինչև +40 աստիճան օդի ջերմաստիճանի բարձրացման մասին լուրը պարզապես ցնցեց երևանցիներին։ Եղանակի թեման ամենաքննարկվողը դարձավ։ Դրա մասին խոսում էին բոլորը` տնային տնտեսուհիներից մինչև գիտնականներ։
Ոմանք սովոր են նման պայմաններում ապրել ու աշխատել և «ինչպես եք դիմանում շոգին» հարցին ի պատասխան պարզապես ժպտում են։ Ոմանք էլ աշխատանքի ու կյանքի նման պայմաններն անմարդկային են համարում։
Հասարակական տրանսպորտը պայթում է
Առավոտյան ժամերի համար ոչ բնորոշ շոգից պարզ դարձավ, որ օրը պարզապես սարսափելի է լինելու։
– Եթե այսօրվա շոգին դիմանանք, այս ամառվան էլ կդիմանանք, – ասաց մոտ 50 տարեկան մի կին, որը բողոքում էր տրանսպորտում համապատասխան պայմանների բացակայությունից։
Մյուսներն էլ միացան նրա գանգատներին, որովհետև կինը բոլորի սրտից էր խոսում։
– Օդորակիչներ չկան, գոնե թող ավտոբուսների պատուհանները բացվող լինեն, – խոսակցությանը միացավ մի տղամարդ ու վզին թաշկինակ գցեց։
– Թե չէ պատուհանը քեզ ի՞նչ էր անելու, տաքացած ասֆալտից շոգն ավելի անտանելի է դառնում, – արձագանքեց երիտասարդն ու ավելացրեց, որ առանց օդորակիչի հնարավոր չէ։
Ուղևորները մտնում ու դուրս էին գալիս, նոր մարդիկ էին միանում վիճաբանությանը։ Վարորդը լուռ լսում էր ու քմծիծաղ տալիս։ Հարցին` ինչպես է ինքը դիմանում շոգին, նա հոնքերը կիտեց ու ասաց` սեփական օդորակիչն ունի, և ցույց տվեց առավոտյան տասին արդեն քրտինքից թրջված շորի կտորը։
Ջրով են փրկվում
Ջուրն իսկական փրկություն է դարձել ծաղկավաճառ Աննա Կ.–ի համար։ Նա առավոտվա 10:00–ից մինչև երեկոյան 22:00–ն է աշխատում։ Շոգ օրերին մինչև չորս լիտր ջուր է խմում։
«Բան չեմ ուտում, ախորժակ էլ չունեմ։ Ջուր ու հյութ եմ խմում, քաղցր մի բան ուտում», – ասաց Աննան։
Հարսնացուն հյուսիսից, կամ ինչպես էր ռուս հարսը խառնել սկեսրոջ դոշակն ու թոշակը
Նա արդեն սովոր է այդպիսի պայմաններին։ Միակ անհարմարությունն այն է, որ պետք է անընդհատ փոխի ծաղիկների ջուրը, որպեսզի չթոշնեն։
Սերոբ Շ.–ի տաղավարը մեծ շուկայի մոտ է։ Ուշադրություն է գրավում ոչ միայն Սերոբի տեսքը (շորտ ու արձակած վերնաշապիկ), այլև «սառը ձմերուկ» պաստառը, որովհետև ձմերուկի մեծ մասը ոչ թե սառնարանում է, այլ դրսում։ Սերոբն առևտրում արդեն «հին գել» է, ու սարսափելի շոգը նրան չի նեղում։
«Էհ, աղջիկ ջան, հո առաջին տարին չենք այսպես աշխատում։ Ավելի շոգ է եղել, տրամադրվածությունից է կախված։ Ձմերուկի համար էլ եմ հնար գտել. հովանոցի տակ եմ պահում», – ասում է նա։
Երբ շոգը խենթացնում է
Շոգը հունից հանել ու պարտքերի մեջ է գցել մսավաճառներին։ Ջերմաստիճանի բարձրացումը ավելացրել է վնասը։
Իսկ պատճառը սանիտարահիգիենային տարրական պայմանների բացակայությունն է. գրեթե բոլոր խանութներն առանց օդորակիչի են աշխատում։
Էջմիածնում սրտի ձայների թանգարան է բացվել. հայերը գտել են հավերժական կյանքի բանալին
«Միայն վերջին երեք օրվա ընթացքում ավելի քան 100 կիլոգրամ միս եմ թափել. կանաչել ու նեխել էր։ Մի կիլոգրամը 2200 դրամով էի առել, գոհ կլինեմ, եթե գոնե 1000–ով ծախեմ։ Բայց ո՞վ կառնի», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում գանգատվեց Վարդան Կ.–ն։
Նա բազմաթիվ անգամ բողոքել է ղեկավարությանը, ասել, որ մարդկանց տհաճ է միս գնել այնտեղից, որտեղ ճանճեր են վխտում ու շնչելու օդ չկա։ Նրան ասել են` դուրդ չի գալիս, գնա։ Տղամարդը պատմում է ու մաքրում ճակատի քրտինքը։
«Սա կյանք չի, նույնիսկ խոզերին էս պայմաններում չեն պահում։ Սենց շոգին ոչ մեկը մի ժամ էլ չի ձգի», – ասում է նա ու սարսափով հիշում հուլիսի 10–ը, երբ երկու խոշոր ջերմակայանների վթարի պատճառով Երևանում մի քանի ժամով լույսն անջատվեց։ Այդ օրը նա 150 կիլոգրամ միս է նետել աղբանոց։
Շինարարները սովոր են շոգին
Ամենաբարդը շինարարների գործն է։ Նրանք ստիպված են ամբողջ օրը հատուկ համազգեստով ու սաղավարտով աշխատել կիզիչ արևի տակ։ Երբ հարցնում ենք` ինչպես են դիմանում շոգին, նրանք ժպտում են ու ասում. «Առաջին տարին չենք այս գործը մեջ, սովոր ենք»։
Արևից ջրով են փրկվում։ Քիչ են ուտում, դրա կարիքն էլ չեն զգում։
Մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153–րդ հոդվածի համաձայն` +40–ից բարձր կամ -10–ից ցածր ջերմաստիճանի պայմաններում աշխատող մարդկանց պետք է հատուկ դադարներ տրվեն։
Շինարարներն այդ դադարները չունեն, չեն էլ ուզում, թե չէ ստիպված կլինեն ավելի երկար աշխատել։ Ի դեպ, շոգից բողոքում են նաև այն մարդիկ, որոնք ամբողջ օրը օդորակիչով տարածքում են անցկացնում։ Մի կողմից` տեխնիկական այդ հրաշքը փրկություն է, մյուս կողմից էլ` ծախսատար ու «հիվանդության բուն»։
Իսկ ո՞վ է գոհ
Այս օրերին շատ լավ են վաճառվում բուլկիները, կարտոֆիլով կարկանդակները, ջուրը, հյութերն ու սառը սուրճը. այս ամենը վաճառող խանութների ու կրպակների տերերը երևի միակ մարդիկ են, որոնց համար շոգը ձեռնտու է։
«Գործը երեք անգամ շատացել է։ Նախընտրում են ջուր և սառը սուրճ, ավելի հազվադեպ` գազավորված ըմպելիք։ Օրական մինչև 100 լիտր հեղուկ ենք վաճառում», – խոստովանում է կրպակներից մեկում աշխատող Անուշը։
Մեր զրույցն անընդհատ ընդհատում են գնորդները, որոնց թվում և՛ զբոսաշրջիկներ կան, և՛ շուկայի վաճառողներ։
Որքան էլ տարօրինակ հնչի, բայց եկամտից չեն բողոքում նաև բիստրոների ու արագ սննդի կետերի տերերը։ Շաուրմայի պահանջարկը չի նվազել։ Պարզվում է` հաճախորդներին չի հուզում, որ շաուրմայի սարքը բաց դռներով ու պատուհաններով շինությունում է դրված։
Հայաստանում ռեստորան է բացվել, որտեղ մատուցողները թոշակառու կանայք են. լուսանկարներ
Նման հաստատություններից մեկի վաճառողուհին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ շոգը շաուրմային չի խանգարում։ Շատ ավելի վատ է, երբ սենյակում օդորակիչ կա, և միսն անընդհատ ջերմային տատանումների է ենթարկվում։
«Այս դեպքում միսն ավելի ուշ է փչանում։ Մինչև հիմա ոչ ոք չի բողոքել։ Մենք շատ ուշադիր ենք մաքրության հարցում, մթերքը սառնարանում ենք պահում, միսն էլ տեղական է, որակյալ։ Կփչանար, եթե անմիջապես արևի տակ լիներ, իսկ այսպես, ինքներդ էլ տեսնում եք, ծածկի տակ է, պաշտպանված», – ասում է աղջիկը։
Մենք ուզում էինք շուկայի աշխատակիցների հետ էլ զրուցել, բայց ղեկավարությունը թույլ չտվեց` առանց պատճառը նշելու։ Բայց մենք իմացանք, որ շուկայի հաճախորդներից մի քանիսը շոգից վատացել էին ու նրանց էին ուշքի բերում։ Հնարավոր է` այդ պատճառով ղեկավարությունը չուզեց թույլտվություն տալ։ Բայց չէ՞ որ շուկայի աշխատակիցների աշխատանքային պայմաններն էլ արտակարգ չեն...
Միաժամանակ, այս շաբաթ ջերմաստիճանը +40–ի սահմանում է լինելու. նշանակում է, որ այդ մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվելու։
Ու՞ր մեկնել, եթե վիզա ստանալու ժամանակ ու նյարդեր չունեք. թոփ 5 երկրներ