ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված աղջիկն այսօր նշել է ծննդյան 17–րդ տարեդարձը։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Բուժող բժիշկներն ու ԲԿ-ի տնօրինությունն այսօր նրա համար անակնկալ էին պատրաստել: Ծաղիկներ, փուչիկներ, տորթ ու նվերներ էին բերել նրան»,– գրել է նա:
Ողնաշարի ծանր վիրահատությունից հետո, մեկ շաբաթ անց աղջիկն այսօր առաջին անգամ ոտքի է կանգնել։
«Ես հույս չունեի, որ նորից երբևէ ոտքի կկանգնեմ ու կքայլեմ», - բժիշկների հետ զրույցում ասել է Լիլիան:
Ողբերգական վթարից հետո Լիլիայի մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ` ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ:
Հիշեցնենք` հուլիսի 7-ին, ժամը 06։00-ի սահմանում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել էր արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով 3 մարդ, որոնցից 2–ը` անչափահաս, մահացել էին, 5–ը` վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Բոլոր տուժածներն այժմ Հայաստանում են բուժում ստանում։
Վթարի հետևանքով մահացել էին վարորդի մայրը, նրա 15-ամյա որդին և նրանց սանիկը` 7-ամյա մի երեխա:
14-ամյա տղան, որը Վրաստանից Հայաստան էր տեղափոխվել անգիտակից և շնչառության սարքին միացված նույնպես վիրահատվել ու այժմ կարողանում է ինքնուրույն շնչել։
Վրաստանի ողբերգական վթարից տուժած 14–ամյա տղան 5 օր անց գիտակցության է եկել
Իսկ վթարից տուժած 12-ամյա տղան 1 շաբաթ առաջ դուրս է գրվել հիվանդանոցից։
Արսեն Թորոսյանն այցելել է Վրաստանի սարսափելի վթարից հետո ՀՀ տեղափոխվածներին