ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Ուկրաինացի գործարար Լև Խլյավիչը սպառնացել և 10 միլիոն դոլար է պահանջել Լիոնում Հայաստանի հյուպատոսից` «ՌԵՍՈ–Գարանտիա» ընկերության համասեփականատեր Նիկոլ Սարգիսովից, գրում է Mash տելեգրամ ալիքը։
Հաղորդագրությունում նշվում է, որ կես տարի առաջ Նիկոլայ Սարգիսովը հայց է ներկայացրել Մոսկվայի ոստիկանություն. նա պատմել է, թե ինչպես, սպառնալով նրան և ընտանիքին, անհայտ անձինք 10 միլիոն դոլար են շորթել իրենից։
Ոստիկանությանը վերջապես հաջողվել է պարզել, որ այդ գործողությունների հետևում կանգնած է Սարգիսովի «ընկերը»` ուկրաինացի գործարար Լև Խլյավիչը։
2008թ.–ին Սարգիսով եղբայրները 17,5 միլիոն դոլարով գնել են «Ուկրինմեդստրախ» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 33 տոկոսը Խլյավիչին պատկանող «Ներդրումային քնսալթինգ» ընկերությունից։
Խալյավիչը եղել է Սարգիսովների ծանոթը և գործընկերը, բայց գործարքի ժամանակ տհաճ միջադեպեր են եղել։ Մասնավորապես, աուդիտն արձանագրել է, որ Խլյավիչը բարձրացրել է վաճառված ընկերության արժեքը։ Թեև նույնիսկ դրանից հետո նա շարունակել է բարձր պաշտոններ զբաղեցնել Սարգիսովների ընկերություններում։
Վեճը տեղի է ունեցել 2015թ.–ին։ Mash–ի հաղորդմամբ` դրա պատճառը կարող էր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների սրումը. շատ գործարարներ այդ ժամանակ օգտվել են դրությունից, որպեսզի խլեն ռուսական կապիտալով բիզնես։
Մամուլի հրապարակումների համաձայն`Խլյավիչն ակտիվորեն մասնակցել է քաղաքական խնդիրների լուծմանը։ Հաղորդվում է, որ գործարարը նույնիսկ նպաստել է Արսենի Յացենյուկին` վարչապետի պաշտոնում ընտրվելու հարցում։
Խլյավիչը դիմել է Ուկրաինայի դատարան` մեղադրելով Սարգիսովներին գործարքը կնքելիս խաբեության դիմելու մեջ։ Բայց նա չի կարողացել ներկայացնել ասածն ապացուցող իրական փաստաթղթեր։ Խլյավիչը հայտարարել է, որ դրանք գողացել են իր մեքենայից։
Սարգիսովները պատասխան հայցով դիմել են Հայաստանի դատարան, ինչպես նաև փորձագետներ ներգրավել Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանից։
2018թ.–ին ուկրաինական դատարանը կասեցրել է քրեական գործը` հարուցված Խլյավիչի հայտարարության հիման վրա, քանի որ հավաստի փաստեր չեն ներկայացվել։ Սարգիսովի խոսքով` դրանից հետո նա սպառնալիքներով զանգեր է ստացել։ Անհայտ անձինք նրանից պահանջել են 10 միլիոն դոլար։ Նրանք սպառնացել են Սարգիսովի ընտանիքին։
Հայաստանի քննչական կոմիտեն միջազգային հետախուզում է հայտարարել Խլյավիչի նկատմամբ։ Ուկրաինացի գործարարին որոնում են նաև ՌԴ իրավապահ մարմինները։ Խլյավիչը թաքնվում է Ուկրաինայում։
ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են, որ 2018 թվականի նոյեմբերի 5-ին Սերգեյ Սարկիսովը հաղորդում է տվել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 12:07-ին անծանոթ հեռախոսահամարից մի անձնավորություն զանգահարել է իրեն և ասել, որ ինքը զանգում է Սերգեյ Սարկիսովի նախկին գործընկեր Լև Խլյավիչի անունից և պահանջել վերջինիս փոխանցել առանձնապես խոշոր չափերի՝ 4.859.400.000 ՀՀ դրամին համարժեք 10.000.000 ԱՄՆ դոլար: Ներկայացրած պահանջը չկատարելու դեպքում՝ զանգահարողը, Լև Խլյավիչի անունից, Սերգեյ Սարկիսովի մերձավորների հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիքներ:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ոմն Օլեգը նույն 10.000.000 ԱՄՆ դոլարը Լև Խլյավիչին հանձնելու պահանջ է ներկայացրել նաև Սերգեյ Սարկիսովի եղբորը՝ Նիկոլայ Սարկիսովին՝ տալով համանման սպառնալիքներ:
Հաշվի առնելով, որ քննությամբ հնարավոր չի եղել պարզել Լև Խլյավիչի գտնվելու վայրը, 2018թ. դեկտեմբերի 25-ին որոշում է կայացվել մեղադրյալ Լև Խլյավիչին հետախուզում հայտարարելու մասին:
Նշենք, որ Նիկոլայ Սարգիսովը Լիոնում հյուպատոսի պաշտոնում նշանակվել է 2013թ.–ի հուլիսին։
Սերգեյ և Նիկոլայ Սարգիսովները խոշոր գործարարներ են։ Բիզնեսի կառավարմամբ պաշտոնապես զբաղվում է ավագ եղբայրը` Սերգեյը։ Եղբայրները պարբերաբար հայտնվում են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային ցուցակներում։