ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռով Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տուժել է 10 մարդ։ Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Օդանավում եղել է 187 մարդ, տուժել են 10-ը, որոնցից երկուսը հոսպիտալացվել են»,– նշված է հաղորդագրության մեջ:
Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ ինքնաթիռում եղել է 179 մարդ (173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ): Տեղեկություն էր տարածվել նաև, որ տուժել է 8 մարդ։
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռով Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ օդանավի սրահում ծխի առկայության պատճառով, ինքնաթիռը ընդհատել է թռիչքը: Օդանավի թռիչքը ընդհատվել է թափավազքի ժամանակ և իրականացվել է ուղևորների տարհանում:
Ավիաընկերությունը փոխարինել է ինքնաթիռը, չվերթը բարեհաջող իրականացվել է։ Օդանավը վայրեջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:
Ըստ տեղեկությունների` մարդիկ տուժել են հրմշտոցի ժամանակ։