Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Նունու Գոմեշն այսօր՝ հուլիսի 17-ին, ժամանեց Երևան։ Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ավագը «Զվարթնոց» օդանավակայանում կարճ հարցազրույց տվեց Sputnik Արմենիային։
«Նախ ասեմ, որ ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Հրավիրել է ընկերս, և, իհարկե, կդիտեմ Հայաստանի ու Պորտուգալիայի այսօրվա խաղերը: Շատ լավ է, որ երկիրը հյուրընկալում է մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, սա շատ լավ հնարավորություն է, որ բոլորը լավ ֆուտբոլ դիտեն։ Ինչպես նաև մենք ակնկալում ենք սպորտ-բիզնես սկսել այստեղ գտնվող ընկերների հետ», - պատասխանեց ֆուտբոլիստը այն հարցին, թե որն է իր այցի նպատակը։
Իր հայ ընկերների մասին նախկին ֆուտբոլիստը խուսափեց խոսել՝ պատճառաբանելով, որ նրանք ցանկանում են գաղտնի մնալ։ Հիշեց, որ էլի է Հայաստանում եղել, բայց այն ժամանակ եկել էր որպես ֆուտբոլիստ և խաղացել Հայաստանի հավաքականի դեմ։ Քանի որ վերջին այցի ժամանակ կենտրոնացած է եղել խաղի վրա, Գոմեշը երկրով շրջելու ժամանակ չի ունեցել։
Գոմեշն առաջին անգամ Հայաստանում է եղել 2007 թվականին, երբ Եվրո 2008-ի ընտրական փուլի շրջանակում կայացած Պորտուգալիա–Հայաստան հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:
Հիշեցնենք, որ այսօր 18:45-ին «Բանանցի» մարզադաշտում մրցելու են Պորտուգալիայի և Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականները, իսկ ժամը 21։00-ին Հանրապետական մարզադաշտում՝ Հայաստանինն ու Իտալիայինը։
Նունու Գոմեշը Պորտուգալիայի առաջնության կրկնակի չեմպիոն է, Իտալիայի գավաթի դափնեկիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Հանդես է եկել «Բենֆիկայում», «Ֆիորենտինայում» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Մասնակցել է 2002 և 2006 թվականներին անցկացված աշխարհի առաջնություններին, 2000, 2004, 2008 թվականներին՝ Եվրոպայի առաջնություններին, ինչպես նաև 1996 թվականի օլիմպիական խաղերին։