ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն իր Facebook-յան էջում պարզաբանել է, թե ինչ է ենթադրում վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգի նախագիծը։
Փոխոստիկանապետը նշում է, որ դրանով պարտադիր ուսուցում նախատեսվում է միայն բեռնատար ավտոմեքենաների վարման իրավունքի «C» կարգի վկայական ստանալու համար:
«Հայաստանը պարտավորվել է վարորդական վկայականների տրամադրման կարգը համապատասխանեցնել Եվրապառլամենտի և Խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին, ուստի օրինագծի ընդունումը պայմանավորված է պարտավորությունը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ: Բացի այդ, վարելու իրավունք ստանալու համար ուսուցման գործունեությունը լիցենզավորվելու է: Հայաստանը հիշյալ պարտավորությունները ստանձնել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ կիրառման ճանապարհային քարտեզով»,– գրում է Քոչարյանը:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագիծը, որի համաձայն վարորդական իրավունքի վկայական ստանալու համար բավարար չի լինելու միայն թեստային և վարման գործնական քննությունները դրական հանձնելը:
Վարորդների բալային համակարգի առավելություններն ու թերությունները ներկայացնում է փորձագետը
Նոր կարգի համաձայն՝ քաղաքացին պարտադիր պետք է ներկայացնի նաև ուսուցում իրականացնող կազմակերպության դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ:
Մամուլում այս նախաձեռնությունը որակվեց որպես ավտոդպրոցների համար «գործ կպցնելու» քայլ։