ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Ժամեր առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Կամո գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի զուգարանում երիտասարդի դի է հայտնաբերվել: 28-ամյա տղան ապրում էր մոր հետ, որը վաղ առավոտյան տնից դուրս էր եկել՝ Գյումրի գնալու:
Հարևաններից մեկն այցելել է նրանց, տեսել, որ տան դռները բաց են, սակայն կանչերին արձագանքող չկա: Բակով անցնելիս նկատել է, որ դրսի զուգարանում մարդ կա, որը նույնպես կանչերին չի արձագանքում:
Իմաց է տվել հարևաններին, որոնք էլ տեղյակ են պահել գյուղապետին: Հավաքվածները բացել են զուգարանի դուռն ու տեսել, որ երիտասարդը մահացած է, դեմքին էլ վնասվածք կա, որն, ամենայն հավանականությամբ՝ ընկնելու հետևանք է:
Գյուղապետն անմիջապես տեղեկացրել է իրավապահներին, որոնք պարզում են մահվան պատճառները:
Համագյուղացիների խոսքով' նրանք հանապազօրյա հացը դժվարությամբ վաստակող մարդիկ են, որոնց վրա հասավ նաև այս սարսափելի դժբախտությունը։