ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. 30–ամյա մի երևանցի հունիսի 19-ին, ժամը 11:30-ի սահմաններում, ներկայանալով այլ անունով և ավտոմեքենա գնելու պատրվակով, հափշտակել է ավտոմեքենան ու դրա տերերին զրկել ազատությունից։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, դեպքի առիթով հարուցվել քրեական գործ։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ երևանցին պատրաստականություն է հայտնել 14.000 ԱՄՆ դոլարով գնել Սևան քաղաքի 24 և 25-ամյա երկու բնակիչների վաճառած «Մերսեդես-բենց 500» մակնիշի ավտոմեքենան, և գումարը բնակարանում վճարելու պատրվակով նրանց հրավիրել Էրեբունի համայնքում գտնվող, նախապես վարձակալած բնակարան։
Այնուհետև, ավտոմեքենայի գումարն ընկերոջից շենքի բակում վերցնելու և վերադառնալու պատրվակով դուրս է եկել բնակարանից, բանալիով փակել բնակարանի մուտքի դուռը՝ սևանցիներին զրկելով ազատությունից և հափշտակել շենքի բակում կայանված ավտոմեքենան, ինչպես նաև` դրա սրահում եղած սևանցիներից մեկի անձնագրերը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրն ու «Այֆոն 5» մոդելի բջջային հեռախոսը:
Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հափշտակված «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է՝ ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով զբաղվող կետում` մասնատված վիճակում։
Նախաքննությամբ պարզվել է, որ նշված կետի 36-ամյա աշխատակիցը, հափշտակված «Մերսեդես-բենց S500»–ը գնել է հունիսի 20-ին, 6000 ԱՄՆ դոլարով։
Նույն տեղում հայտնաբերվել են նաև Շենգավիթի և Նոր Նորքի քննչական մարմիների կողմից որոնվող 2 այլ ավտոմեքենաներ:
Երևանի ավագանու անդամներից մեկի տունը թալանել են
Պարզվել է, նաև, որ 2019թ. մայիս-հունիս ամիսներին ապամոնտաժելու և պահեստամասերը վաճառելու նպատակով նույն անձը ձեռք է բերել ևս հինգ հատ այլ «Մերսեդես-բենց S» մակնիշի ավտոմեքենա, որոնք ապամոնտաժել և պահեստամասերի զգալի մասը վաճառել է:
Քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է նաև վերոհիշյալ ավտոմեքենան խաբեությամբ հափշտակած անձը։ 30-ամյա երևանցին բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետից և ձերբակալվել:
Նախաքննությունը շարունակվում է: