ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը ձերբակալվել է սպայական գումարտակի հրամանատարի տեղակալից խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 18-ին «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը այցելել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ և ներկայանալով որպես լրագրող՝ հայտնել է, որ տեղեկություններ ունի՝ իբրև վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այդ առնչությամբ շուրջ 41.000.000 ՀՀ դրամի չափով չվճարված հարկային պարտավորություններ ունենալու վերաբերյալ:
Լրագրողը գումարտակի հրամանատարի տեղակալին հայտնել է նաև, որ պատրաստվում է այդ վարկաբեկիչ տեղեկությունը հրապարակել չորս լրատվամիջոցներով, և այն չհրապարակելու համար վերջինից պահանջել է խոշոր չափերի՝ 800.000 ՀՀ դրամ գումար՝ ակնարկելով, որ պահանջված գումարի չափը հնարավոր է նվազեցնել:
2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը, այցելելով գումարտակի հրամանատարի տեղակալի աշխատասենյակ, նախկինում ներկայացրած սպառնալիքով պահանջել և շորթմամբ ստացել է 400.000 ՀՀ դրամ գումար, որից անմիջապես հետո ՀՀ ոստիկանության ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն աշխատասենյակում բռնվել է:
Դեպքի վայրի զննությամբ լրագրողի պայուսակում հայտնաբերվել է գումարտակի հրամանատարի տեղակալից ստացած 400.000 ՀՀ դրամ գումարը:
Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 19-ին հարուցվել է քրեական գործ։
ՀՀ ոստիկանությունն էլ հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները հայտնաբերում ու առգրավում շորթմամբ հափշտակված 400․000 դրամը։