ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Այսօր շվեյցարական Նյոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որից հետո պարզ է դարձավ, թե ում հետ են անցկացնելու իրենց առաջին հանդիպումները հայկական թիմերը:
Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում մրցելու է շվեդական «ԱԻԿ»-ի հետ: Առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 9/10-ին, պատասխան խաղըч 16/17-ին: «Արարատ-Արմենիան» առաջին խաղում հյուրընկալողի դերում է լինելու:
Եվրոպայի լիգայի մրցաշարում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկն» ու նախկին չեմպիոն «Ալաշկերտը» կխաղան մակեդոնական թիմերի՝ «Շկուպիի» և «Սկոպյեյի» հետ, իսկ «Բանանցը» ուժերն է չափելու սերբական «Չուկարիչկի» թիմի հետ: Առաջին հանդիպումները կայանալու են հուլիսի 11-ին, պատասխան խաղերը 18-ին: Թե ո՞վ է առաջին խաղերում լինելու դաշտի տեր հայտնի կդառնա մի փոքր ավելի ուշ:
Հուլիսը Հայաստանում ֆուտբոլային բուռն իրադարձություններով լի է լինելու: Ամսի 14-ից 27-ը Երևանում կանցկացվի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը: Բացի այդ, հայկական չորս ակումբներ մեկնարկ կվերցնեն Չեմպիոնների և Եվրոպայի լիգաներում: