ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, իսպանացի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն Հայաստան է եկել իր գիտելիքները դասախոսություւնների միջոցով հայ մարզիչներին փոխանցելու համար։
«Այնպես չէ, որ այսօր մենք կոնկրետ թեմաներ ունենք զրուցելու: Սա պարզապես հայ մարզիչների հետ շփվելու հնարավորություն է: Բայց այդ ընթացքում բնականաբար ես ու իմ մարզչական շտաբը կփորձենք ներկայացնել այն լուծումները, որոնք մենք գտել ենք Իսպանիայի հավաքականը ու արքայական «Ռեալը» մարզելու ընթացքում»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը։
Դել Բոսկեն աշխարհում ամենատիտղոսակիր մարզիչներից մեկն է, բայց նա էլ ֆուտբոլի զարգացման համար ամենաշատը կարևորում է մանկապատանեկան ֆուտբոլը։
«Շատ կարևոր է, թե ինչ պայմաններ են ստեղծված պատանեկան ֆուտբոլի զարգացման համար` ինչպիսի խաղադաշտերում են նրանք մարզվում, ինչպիսի մարզիչներ հետ աշխատում, ովքեր են զբաղվում պատանիների ֆիզիկական պատրաստականությամբ: Սա համալիր մոտեցում է, որը եթե պատշաճ մակարդակի վրա չեղավ, դժվար թե հետագայում առաջխաղացում ունենաք»,- ասաց Դել Բոսկեն:
Նա խոսեց նաև Հայաստանի հավաքականի ելույթների մասին` կարևորելով ֆուտբոլիստների տեղափոխությունը արտասահմանյան ակումբներ։
«Դա վերաբերում է նաև մարզիչներին: Նման տեղափոխությունները զարգացման խթան են: Բացի այդ, պետք է նաև բարձրացվի ներքին առաջնության խաղամակարդակը: Միայն այդ դեպքում հավաքականը կունենա արժանի արդյունքներ»,- ավելացրեց Դել Բոսկեն:
Ամեն դեպքում մարզիչը կարծում է, որ միայն ժամանակը կարող է ապացուցել` ճիշտ ճանապարհ է ընտրված զարգացման համար, թե ոչ։
«Միայն ժամանակը կարող է տալ բոլոր պատասխանները ֆուտբոլի զարգացման ճանապարհին: Այսօր արդեն տեխնոլոգիական նոր միջոցներ են կիրառվում ֆուտբոլի հետաքրքրությունը պահպանելու համար: VAR համակարգն էլ դեռ զարգանալու խնդիր ունի»,- ասաց Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած մարզիչը:
Նրա խոսքով` միևնույնն է, ինչ էլ անես, միայն որոշ ժամանակ անց կարող ես պտուղներ քաղել։