ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում մահացած տղամարդու հարազատներից մեկը վնասել է «Աշտարակ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում գտնվող մեքենան։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Հունիսի 17-ին, ժամը 21.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժկենտրոն է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդու դի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը գյուղի իրենց տան բակում վատ է զգացել և հարազատների ներկայությամբ հանկարծամահ եղել»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո ընդունարանի դիմաց մահացածի ընտանիքի անդամներից մեկը քարով կոտրել է շտապօգնության ավտոմեքենայի առջևի հողմապակին և վնասել շարժիչի ծածկոցը, իսկ մեկ այլ անդամ դեռևս չպարզված առարկայով կոտրել է ձախակողմյան հատվածի հայելին և վնասել երկու ապակիները:
Մեկ մարդ է բերման ենթարկվել: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: