ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Հայաստանում շատերը չհասկացան իշխանության ներկայացուցչին վիրավորելը քրեականացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, և այն ժամանակավորապես հետ է կանչվել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց օրինագծի հեղինակ, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ գրված է. «Օրինագծով առաջարկվում է իրավական ապահովության երաշխիքներ սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլև իշխանության բոլոր ներկայացուցիչների համար: Առաջարկվում է քրեականացնել իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ»:
Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչով է պայմանավորված եղել նման նախագծի անհրաժեշտությունը, Խաչատրյանն ասաց, որ ոստիկաններն այսօր փաստացի անպաշտպան են տարատեսակ մարդկանց ագրեսիվ գործողություններից։
«Ոստիկաններին վիրավորում են, նրանց խանգարում են իրականացնել իրենց ծառայությունը, նրանց վրա թքում են։ Իսկ ոստիկանը հնարավորություն չունի պաշտպանել իրեն օրենքով հաստատված կարգով։ Եվ եթե մենք որոշակի լիազորություններ են տվել ոստիկանին, նրան համազգեստ հագցրել, վրան ամրացրել պետության զինանշանը, պարտավորեցրել ենք նրան պաշտպանել մեզ, ապա մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի նա էլ պաշտպանված լինի», – նշեց Խաչատրյանը։
Նրա կարծիքով` նման իրավիճակը ծնում է բռնության տարբեր դրսևորումներ։ Ոստիկաններից շատերը հանդուրժում են նման վերաբերմունքը, բայց լինում են մարդիկ, որոնք որոշում են ադեկվատ պատասխան տալ։ Բայց այդ ժամանակ նրանց հասցեին մեղադրանքներ են հնչում անհամաչափ կերպով ուժ կիրառելու մեջ, և ոստիկանները ենթարկվում են քրեական հետապնդման։
«Հիմա մենք ինչպես բացատրենք քաղաքացիներին, որ ոստիկաններին վիրավորելը վատ է։ Եթե մենք դա չենք արգելում, ապա դա նշանակում է, որ թույլ ենք տալիս։ Բայց ես կարծում եմ, որ այդ հարցի իրավական կարգավորման հստակ մեխանիզմներ են պետք», – ասաց Խաչատրյանը։
Հեղինակը հետ է վերցրել նախագիծը։ Պատգամավորը բացատրեց, որ մանրամասները պարզաբանելու անհրաժեշտություն կա. պետք է հասարակության տարբեր խավերին մատչելի և ըմբռնելի կերպով հասցնել գաղափարի էությունը։ Նախաձեռնության հեղինակը նշեց, որ չի կարող անտեսել բարձրացած աղմուկը, և իր համար չափազանց կարևոր է հասարակական կարծիքը։
Նա նաև պարզաբանեց, որ «իշխանության ներկայացուցիչ» ձևակերպումը տվյալ դեպքում չէր վերաբերում նախարարներին, պատգամավորներին և այլ պաշտոնյաներին։ Խոսքը մարդկանց մասին է, որոնց գործողություններից կախված է անվտանգությունը և հասարակական կարգը. ոստիկաններ, ԱԻՆ աշխատակիցներ, շտապօգնության աշխատողներ և այլն։