ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Դերասան Մարատ Բաշարովը տարվել է հայկական գինիներով։ Այս մասին նա ասել է ՆՏՎ հեռուստաալիքի «Չես հավատա» (Ты не поверишь!") հաղորդման ժամանակ։
Արտիստի հետ խոսել են Արսեն Աղաջանյանի «Ես քեզ հաղթանակ կնվիրեմ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ Նա ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է։
Դերասանը խոստովանել է, որ իրեն ամենաշատը դուր է եկել նկարահանվել Հայաստանում։ Նա խոստովանել է, որ ուզում է Հայաստան վերադառնալ։
«Ուզում եմ նորից այնտեղ վերադառնալ` ոչ թե պարզապես շրջելու, այլ մի փոքր ապրելու, մտածելու համար, ինչպես անում էի նկարահանումների ժամանակ։ Ոչ թե շտապելով, այլ հանգիստ, առանց նյարդայնանալու», – ասել է նա։
Դերասանն ավելացրել է, որ իրեն տպավորել են տեղացիներն ու ուտելիքը, որը, նրա խոսքով, ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար։ Նա չի վախեցել գիրանալուց ու համտեսել է այն ամենը, ինչ առաջարկել են։ Բաշարովն ավելացրել է, որ տարվել է տեղական գինիներով։
«Այնտեղ ամեն ինչ այնքան հյութալի է, հագեցած։ Ու ոչ միայն ուտելիքը, օ՛դն էլ, բնությո՛ւնն էլ, մարդի՛կ էլ։ Վնասակար ոչինչ չկա։ Ես արդեն սկսել եմ մի քիչ հայի պես խոսել», – նշել է դերասանը։
Մոսկվայի միջազգային 41–րդ կինոփառատոնի մրցանակային ծրագրում հայկական արտադրության ֆիլմեր չկան։ Սակայն մրցույթից դուրս երկիրը ներկայացված է Արսեն Աղաջանյանի վառ, հուզումնալից ու շատ բարի «Ես քեզ հաղթանակ կնվիրեմ» ֆիլմով, որում նկարահանվել է Մարատ Բաշարովը։