ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերից միջնեկին վերջնական մեղադրանք է ներկայացրել հոր` Միխայիլ Խաչատուրյանի սպանության վերաբերյալ։
Չնայած քույրերի պաշտպանների հայտարարություններին այն մասին, որ հայրը նրանց տանջել, կտտանքների է ենթարկել ու նույնիսկ բռնաբարել է, աղջիկները դատվելու են նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից գործած սպանության հոդվածով։
Մեղադրանքում, այնուամենայնիվ, նշված է, որ Անգելինա Խաչատուրյանի գործողությունները բխել են սպանվածի գործողություններից։
Մյուս երկու քույրերին` ավագ Կրիստինային ու կրտսեր Մարիային հունիսի 14–ին մեղադրանք կներկայացնեն։
Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբեր 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն է տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններում։ Այժմ մեղադրյալներին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը և որևէ մեկի հետ շփվել առանց Պատժի կատարման դաշնային ծառայությանը տեղեկացնելու։
Բացի Պատժի կատարման դաշնային ծառայության աշխատակիցներից և աղջիկների պաշտպաններից, մյուսների հետ աղջիկները կշփվեն միայն քննիչի թույլտվությամբ։ Բացառություն է արվել Մարիայի համար, նրան թույլ են տվել շփվել մոր հետ, քանի որ մայրը նրա օրինական ներկայացուցիչն է։
Պաշտպանական կողմն արդեն հայտարարել է, որ կբողոքարկի հոր սպանության գործով Խաչատուրյան քույրերի մեղադրանքի որակավորումը։