ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Շիրակում երեկ`հունիսի 4-ի երեկոյան գրանցված ուժեղ կարկուտի և քամու հետևանքով տուժել են մարզի մի շարք տարածաշրջաններ:
Ախուրյանի և Ամասիայի որոշ համայնքներում քամին արմատախիլ է արել ծառեր, պոկել տանիքներ, իսկ կարկուտից վնասվել են ցանքատարածությունները: Հիմնականում տուժել են աշնանացան ցորենի ցանքատարածությունները: Գյուղացին ճշտում է պատճառված վնասները:
Ուժեղ քամին վնասներ է պատճառել նաև Գյումրի քաղաքին։ Գյումրիում պոկվել են շինությունների կտուրներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունից, քամին պոկել է Գյումրու Նալբանդյան 6 Ա տան տանիքը և գցել փողոց՝ ճանապարհը դարձնելով անանցանելի։ Դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Տարածքը մեկուսացվել և հոսանքազրկել է: