ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կայացավ մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության վիճակահանությունը: Ութ թիմեր բաժանվեցին երկու ենթախմբի:
A ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Պորտուգալիան, Իտալիան, Իսպանիան։ B ենթախմբում կմրցեն Չեխիան, Նորվեգիան, Իռլանդիան ու Ֆրանսիան։
Հուլիսի 14-27-ը Հայաստանի մայրաքաղաքի երեք մարզադաշտում կանցկացվի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը: Որպես կազմակերպիչ երկիր` Հայաստանի հավաքականը ազատված էր ընտրական հանդիպումներից: Բայց դա բնավ չի թեթևացնում մեր հավաքականի բեռը՝ որքան հնարավոր է լավ արդյունքի հասնել նման կարգի բարձր մրցաշարում:
A և B խմբի հանդիպումները կանցկացվեն «Հանրապետական» և «Բանանց-1» մարզադաշտերում, ինչպես նաև ֆուտբոլի Ավանի ակադեմիայի մարզադաշտում: Առաջինը մեկնարկ կվերցնեն A խմբում ընդգրկված հավաքականները:
Ավելացնենք, որ խմբային փուլում առաջին ու երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը կիսաեզրափակիչի իրավունք կվաստակեն: Իսկ Եվրոպայի չեմպիոնը հայտնի կդառնա հուլիսի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում: