ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը սահմանադրական դատարանի ղեկավար Բրիգիտե Բիրլյայնին կանցլեր է նշանակել։
69–ամյա Բրիգիտե Բիրլյայնը ժամանակավոր կանցլեր է նշանակվել մինչ Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատը) արտահերթ ընտրությունը` ժամանակավոր կառավարություն ձևավորելու համար։
Ավստրիայի ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) մայիսի 27–ին անվստահության քվե է հայտնել կանցլեր Սեբաստիան Կուրցին ու նրա գլխավորած կառավարությանը։
Ընդդիմությունն այդ հարցը բարձրացրել էր կառավարական ճգնաժամի ֆոնին, ինչի պատճառ էր դարձել նախկին փոխկանցլերի ու Ազատության ավստրիական կուսակցության (ԱԱԿ) նախագահ Հայնց Քրիստիան Շտրախեի մասնակցությամբ սկանդալային տեսանյութի հրապարակումը։
Շտրախեն հրաժարական էր տվել, Կուրցը հրաժարվել էր շարունակել աշխատել Ազատության ավստրիական կուսակցության հետ կառավարական կոալիցիայում ու խորհրդարանական արտահերթ ընտրություն էր հայտարարել։ ԱԱԿ հեռացած նախարարների պաշտոններում Կուրցը նշանակել է իր կուսակցության ներկայացուցիչներին ու փորձագետներին, ինչը դուր չէր եկել ընդդիմությանը։