ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում երեք երեխաների մայրը փորձել է ինքնասպան լինել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` 26–ամյա աղջիկը փորձել է կախվել։
Ծնողները նրան գտել են գոմում՝ հակի թելով առաստաղից կախված։ Անմիջապես կտրել են թելը և հարևանների օգնությամբ աղջկան հասցրել Մեծամորի հիվանդանոց։ Մեծամորում անհրաժեշտ բժշկական գործողություններից հետո աղջկան տեղափոխել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ըստ Զարթոնքում շրջանառվող լուրերի՝ ինքնասպանության փորձ կատարած աղջիկն ամուսնացած է և ունի երեք անչափահաս երեխա։ Նա մի քանի օր առաջ վիճել է ամուսնու հետ, վերցրել երեխաներին և վերադարձել հայրական տուն։ Հարևանների խոսքով` եթե ծնողները մի քանի վայրկյան ուշ գոմ մտնեին, աղջիկն արդեն մահացած կլիներ։