ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 1–ին անգամ կալանքից ազատելու որոշում կայացրած Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը գիտական կոչումից չի զրկվի։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը` անդրադառնալով դատավորի գիտական ատենախոսության` գրագողության բացահայտման փաստին։
«Որովհետև մեխանիզմ չկա»,– ասաց Գոգյանը, ապա հիշեցրեց. «ԲՈԿ–ի նախագահ դառնալու առաջին իսկ օրվանից ես ասացի` նախկինը մենք չենք փորփրելու, բայց ցանկացած մարդ կարող է հարցում ուղարկել, և մենք կպատասխանենք»։
Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում Գոգյանը հայտնել էր, որ Ազարյանի ատենախոսությունը ստուգվել է մի քաղաքացու դիմումով, որը գիտության թեկնածու է և հայտնել է, որ Ազարյանի ատենախոսությունը գրագողություն է։
«Մեր համակարգը ցույց տվեց, որ ատենախոսությունը երկու այլ ատենախոսությունների հետ ունի տեքստային համընկնում։ Դրանցից մեկը պաշտպանել էր իրենից առաջ, մյուսը` իրենից հետո։ Համընկել էր Վազգեն Ռշտունու և Տիգրան Նահապետյանի աշխատանքների հետ»,– ասաց ԲՈԿ նախագահը։
Հիշեցնենք` ԱԺ–ում այսօր գումարվել էր «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որի վերաբերյալ մամուլում ու քաղաքական շրջանակներում մեկնաբանություններ արվեցին, որ քննարկումը նվիրված է լինելու Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական աշխատանքին։
Բանն այն է, որ Ազարյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորն է։
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը Հ1–ի եթերում հայտարարել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։