ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել PARA TV-ի աշխատակիցը։ Այս լուրը հաստատեց նաև PARA TV-ին` գրառում կատարելով Facebook-յան իր էջում։
«PARA TV-ի հարգելի հեռուստադիտողներ և գործընկերներ, մայիսի 25–ի երեկոյան տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել մեր հնչյունային օպերատորը: Հաստատում ենք տեղեկությունը, բայց այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնել չենք կարող, քանի որ իրավապահները մեզ թույլ չտվեցին խոսել մեր աշխատակցի հետ: Նա այժմ գտնվում է հիվանդանոցում. բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում»,–գրված է PARA TV-ի ֆեյսբուքյան էջում: Նրանք խոստանում են այլ մանրամասներն ունենալուն պես կիրազեկել հանրությանը:
Խնդրին արձագանքել է նաև ոստիկանությունը։ Ոստիկանության լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը Facebook-յան իր էջում գրել է, որ լրատվական կայքերում տարածված տեղեկությունը, թե Ազատության հրապարակի մայիսի 25–ի հանրահավաքի ժամական է տեղի ունեցել դանակահարությունը, չի համապատասխանում իրականությանը։ «Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ լրատվական կայքի աշխատակիցը մարմանական վնասվածքները ստացել է Երևանի Սարյան փողոցի 24Ա շենքի մերձակայքում, որտեղ նրա և մայրաքաղաքում բնակվող 31-ամյա մի տղամարդու միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում էլ 31-ամյա տղամարդը սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հիշյալ լրատվական կայքի աշխատակցին և վերջինիս հետ եղած անձին` պատճառով մարմնական վնասվածքներ։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություն»,–գրել է Ջանոյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը Կենտրոնականի քրեական հետախույզներին հայտնի է։ Նրանք ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ կասկածվողին հայտնաբերվելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր։
Ոստիկանությունը լրատվամիջոցներին կոչ է անում չճշտված տեղեկություններ չտարածել: