ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ԶՈւ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար, իրենց ստորաբաժանումների կազմով, նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով:
Այս մասին ասված է Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Որպես կանոն, բոլոր տեղաշարժերը կատարվում են հաստիքային ստորաբաժանման կազմով, կարճաժամկետ են և սահմանափակվում են կոնկրետ միջոցառման ավարտով: Նշված կարգը վերաբերում է բոլոր զինծառայողներին»,–ասված է հայտարարության մեջ։
Պաշտպանության նախարարությունը վերստին հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից, առավել ևս՝ չճշտված, կամ ակնհայտ կեղծիք պարունակող լուրերը ներքաղաքական նպատակներով օգտագործելուց։ «Միևնույն ժամանակ ևս մեկ անգամ կոչ ենք անում զինված ուժերին վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճշտել ՊՆ համապատասխան ծառայությունից», –հորդորում են գերատեսչությունից։
Հիշեցնենք` սոցցանցերում տեղեկություն էր հայտնվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինծառայող որդուն՝ Աշոտ Փաշինյանին, Արցախից տեղափոխել են Նուբարաշեն: