ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Վերականգնվելուց հետո նոր գնահատական կտրվի, թե ինչ փաստաթղթեր են դրանք եղել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով մեկ տարի առաջ ԱԱԾ արխիվից անհետացած փաստաթղթերի հարցին։
«Ակտիվ քննություն է իրականացվում: Մեծ ծավալի աշխատանք է, որը կարվի։ Ես չեմ կարող ասել` թղթերը կգտնվեն, թե ոչ, բայց որ կլինի մեծ ծավալի քննություն, որը չի թողնի որևէ անպատասխան հարց, դա կարող եմ երաշխավորել»,- ասաց նա:
ԱԱԾ տնօրենը դժվարացավ ասել նաև, թե հնարավոր կլինի քննության ընթացքում վերականգնել անհետացած փաստաթղթերը։
Կապ ունեն արդյոք անհետացած փաստաթղթերը գործող կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Վանեցյանը դժվարացավ ասել` խորհուրդ տալով սպասել քննության ավարտին։
«Իսկ գործի շրջանակում հարցաքննվե՞լ են արդյոք ԱԱԾ նախկին ղեկավարները» հարցը նա գերադասեց թողնել առանց մեկնաբանության։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նախորդ իշխանությունների հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից փաստաթղթեր են ոչնչացվել, որոնք հիմնականում վերաբերել են մարտի 1-ին և ընդգրկել փաստերի ու անձանց լայն շրջանակ։ Այդ փաստաթղթերն անհետացել են մեկ տարի առաջ։