ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի ղեկավարությունը` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այսօր փաստորեն նոր` դատական հեղափոխություն հայտարարեց։ Խոսքը վերաբերում է դատավորների «վեթինգին» (անգլ. vetting – «ստուգում»)։
Դատական համակարգի ռեսթարթի համար խթան դարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու փաստը։ Ասել, որ Քոչարյանին ազատ արձակելը տհաճ սցենար էր Փաշինյանի համար, նշանակում է ոչինչ չասել։ Սակայն վարչապետը գործընթացին միջամտելու ֆորմալ իրավասություն չուներ, իսկ ոչ ֆորմալ իրավասություններից օգտվել էլ չցանկացավ պարզ պատճառներով։ Փաշինյանը որոշեց այս պատմությանը մոտենալ բացարձակ այլ ռակուրսից` կոչ անելով քաղաքացիներին փակել դատարանի շենքի մուտքերը` որպես «կոռումպացված և նախկին իշխանությունների հետ կապված դատական համակարգին» ուղղված բողոքի նշան։
Այս հնարքն իր արդյունքը տվեց. մարդիկ վաղ առավոտից սկսեցին բողոքի ակցիաներ կազմակերպել դատարանների մոտ։ Մի քանի ժամ տևած ակցիայից հետո վարչապետը խորհրդակցություն անցկացրեց ուժային կառույցների ղեկավարների, կառավարության անդամների, պատգամավորների և օմբուդսմենի հետ։ Խորհրդակցությունից առաջ էլ հենց վարչապետը հայտարարեց վերոնշյալ «վեթինգի» մասին։ Էությունը հետևյալն է. հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին։
Բոլոր այս միջոցները պետք է հանգեցնեն անկախ դատական համակարգ ստեղծելուն, որը կհամապատասխանի Հայաստանի նոր իրողություններին։
Փաստաբան, մարդու իրավունքների գծով փորձագետ Արա Ղազարյանի կարծիքով` չափազանց դժվար է միանշանակ գնահատական տալ Փաշինյանի նախաձեռնությանը։ Դատավորների «վեթինգը» չափազանց երկարատև ու բարդ գործընթաց է։ Նրա խոսքով` վարչապետի նախաձեռնությունն ավելի շատ հարցեր է ծնում, քան պատասխաններ տալիս։
«Նախ` հասկանալու համար` «վեթինգի» անհրաժեշտություն կա, թե ոչ, պետք է համապատասխան գնահատական տալ։ Ես չգիտեմ` արդյո՞ք այն անցկացվել է, թե ոչ։ Տվյալ պարագայում մենք ավելի շուտ քաղաքական գնահատական ենք տեսնում։ Կա այլ երկրների փորձ, օրինակ` այսօր «վեթինգ» է իրականացվում Ալբանիայում և վերահսկվում ԵՄ–ից։ Նման միջոցներ են ձեռնարկվել նաև մի շարք այլ երկրներում։ Բայց այսօր անհնար է ասել, թե ինչ արդյունքներ կլինեն», – Sputnik Արմենիային ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով` «վեթինգը» համալիր միջոցներ է ենթադրում. պետք է համապատասխան օրենք մշակել, այն ներկայացնել հասարակության դատին, այնուհետև մասնագետներ ներգրավել, ընթացակարգ գծանշել և հասկանալ, թե ինչպես է պետք առաջ շարժվել։
«Սկզբում գնահատում են դատավորի ունեցվածքը և համեմատում նրա աշխատավարձի հետ, հետո ստուգում քաղաքական կապերի առկայությունը կամ բացակայությունը, որից հետո ստուգում են նրա գիտելիքներն ու պրոֆեսիոնալ որակները։ Բայց հարց է, թե ո՞վ պետք է դա անի։ Եթե պետք է անեն քրեաիրավական մարմինները (դատախազություն, քննչական կառույցներ – խմբ.), ապա չեն կարող, քանի որ «վեթինգը» քրեաիրավական գործընթաց չէ», – նշեց նա։
Ղազարյանը կարծում է, որ այս նախաձեռնությունն այսպես թե այնպես կբախվի մարդու իրավունքների պաշտպանության խնդրին, և պետք է մտածել այն մասին, թե ինչպես այդ ամենը ներդաշնակ դարձնել։ Իրավաբանի խոսքով` Հայաստանում «վեթինգի» մասնագետներ կան, բայց նրանց թիվը քիչ է։ Անհրաժեշտ է նաև միջազգային փորձագետներ ներգրավել դատավորներին թեստավորելու համար։ Բայց այստեղ ևս այդքան էլ հասկանալի չէ, թե կոնկրետ որ պրոֆիլի մասնագետներն են դրանով զբաղվելու` իրավաբաննե՞րը, սոցիալական հոգեբաննե՞րը, հոգեբաննե՞րը, թե՞...
«Սա երկրի համար ծանր փորձություն կդառնա»,– ասում է Ղազարյանը` նշելով դատական համակարգի կոլապսից խուսափելու համար գործընթացի դետալները մանրակրկիտ ուրվագծելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով` դատավորներն այսօր էլ են ծանրաբեռնված աշխատում` կատարելով այնպիսի աշխատանք, որը 7 անգամ գերազանցում է եվրոպական միջին մակարդակը։
Փաստաբանների պալատի մեր զրուցակիցը շատ ավելի լավատեսորեն է տրամադրված։ Նրա խոսքով` դատական համակարգի «ռեսթարթի» անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, և խոստացած «վեթինգը» պետք էր սկսել դեռ մեկ տարի առաջ։ Փաստաբանը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, նշեց, որ Հայաստանում դատավորների ճնշող մեծամասնությունն իսկապես տարատեսակ կապեր ունի նախկին իշխանության հետ։
«Պետք է հաշվի առնել, որ դեռ մի քանի տարի առաջ ոչ ոք չէր կարող դատավոր դառնալ առանց քաղաքական «տանիքի», հովանավորչության։ Իհարկե, ես դեմ եմ դատարանի շենքերն արգելափակելուն։ Բայց այն հանգամանքը, որ դատական համակարգը պետք է ամբողջությամբ մաքրել, կասկած չի հարուցում», – ասաց իրավաբանը։
Նրա խոսքով` Հայաստանի բոլոր դատական ատյանները տարիներ ի վեր միահամուռ են գործել, և հաճախ եթե ընդհանուր իրավասության դատավորը այս կամ այն վճիռն էր կայացրել, նա համոզված է եղել, որ ո՛չ Վերաքննիչ դատարանը, ո՛չ էլ Վճռաբեկ դատարանը այդ որոշումը չեն վերանայի։
Նման ստվերային պայմանավորվածություններն էլ հենց խեղել են դատական համակարգը։ մեր զրուցակիցը համոզված է, որ հիմա համակարգն ամբողջությամբ կարգի բերելու դեպքում կստանանք նորմալ գործող, միմյանց հետ կապ չունեցող դատական ատյաններ։