Այսօր Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի օրն է: Մեր ՀՕՊ զորքերը, ինչպես ամբողջ բանակը, իհարկե, ձևավորվել են հակառակորդի հրահրած պատերազմին զուգահեռ: Ոչ առանց հպարտության պետք է նշել, որ 1992-1994 թթ. մարտական գործողությունների ընթացքում հայկական հակաօդային պաշտպանության զորքերը ոչնչացրել են հակառակորդի տասնյակից ավելի ինքնաթիռ և ուղղաթիռ, մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա: Իսկ հակառակորդի առաջին ինքնաթիռը խոցվել է 1992թ. ապրիլի 16-ին «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանքով:
Հատկապես վերջին 20 տարիներին Հայաստանի ՀՕՊ զորքերի զինանոցը շարունակաբար արդիականացվել է, և մեր հակաօդայինները հուսալիորեն և ժամանակակից զինատեսակներով են պաշտպանում մեր երկինքը՝ թշնամական ոտնձգության հնարավոր փորձերից:
Եթե մեր հետևակայինն է նռնականետով հակառակորդի ուղղաթիռ ոչնչացնում, պատկերացրեք, թե ինչեր կանեն ՀՕՊ մարտիկները: Թեպետ ավելի լավ է՝ նման անհրաժեշտություն չծագի:
Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Թուքական պետությունը 1916-23 թվականների ընթացքում, Հայոց ցեղասպանությանը զուգահեռ, իրականացրել է նաև Օսմանյան կայսրության տարածքում դարերով ապրող հույների սիստեմավորված կոտորած, տեղահանություն՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը, որի ընթացքում թուրքական պետության կողմից հարյուր հազարավոր (տարբեր տվյալներով՝ 400-500 հազար) մարդիկ են կոտորվել, միայն քրիստոնյա և հույն լինելու համար:
Հարգանքի խոնարհում՝ վայրագության զոհ դարձածների հիշատակին, և վստահություն՝ մի օր արդարությունը համատեղ վերականգնելու հնարավորությանը:
Արժե՞ նշել, որ հենց մայիսի 19-ին Թուրքիայում նշվում է Աթաթուրքի օրը: Շատ բնութագրական է, թուրքական իշխանությունները այլ կերպ չեն էլ կարող դրսևորվել:
Հավելենք նաև, որ մայիսի 19-ին է ծնվել սուզալողորդ, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն լեգենդար Շավարշ Կարապետյանը (ծնվ. 1953): Բայց մարդիկ, հայրենակիցները նրա անունը միշտ էլ հարգանքով են արտասանում ոչ թե մարզական նվաճումների համար, այլ նրա անմոռանալի սխրանքը գնահատելով. 1976 թվականի սեպտեմբերի 16-ին Շավարշ Կարապետյանը փրկել է Երևանյանի լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներից 20-ի կյանքը:
Շավարշի հետքերով․ Հայաստանի հերոսները, որոնց չենք ճանաչում
Մայիսի 19-ին է ծնվել հայազգի մեկ այլ լեգենդար մարզիկ՝ հեռացատկորդ Իգոր Տեր-Հովհաննիսյանը (ծնվ. 1938 թ) (հեռացատկորդ)։ Հեռացատկի աշխարհի կրկնակի ռեկորդակիր, Մելբուռնի, Հռոմի (3-րդ մրցանակ), Տոկիոյի (3-րդ մրցանակ) և Մեխիկոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ԽՍՀՄ (12 անգամ) ու Եվրոպայի 6-ակի չեմպիոն Իգոր Տեր-Հովհանիսյանի ցատկի ռեկորդը՝ 8 մետր 35 սանտիմետր, երկար ժամանակ անգերազանցելի է եղել: Հայ մարզիկը դասվում է թեթև ատլետիկայի պատմության 10 լավագույն ցատկորդների շարքը:
Մայիսի 19-ին է ծնվել նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր Համո Բեկնազարյանը (1891-1965): Համո Բեկնազարյանը իսկական կինոլեգենդ է, նրա անունն է կրում «Հայֆիլմ» կինոստուդիան: Ափսոս միայն, որ դժվարագույն ժամանակներում Համո Բեկնազարյանի ու իր համախոհների անձնուրաց ջանքերով ստեղծված կինոստուդիան հիմա, այսպես ասենք՝ նման վիճակում է:
Եվ մեկ լեգենդար հայ է ծնվել մայիսի 19-ին՝ մեծահռչակ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը (1928-2008): Այ թե ինչպիսի կերպարների մասին արժեր, որ ժամանակակից ռեժիսորները ֆիլմեր նկարեին: