ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ոստիկանության պաշտոնատար անձանց չարաշահումների բացահայտման դեպքերը շարունակվում են։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«ՀՀ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Տիգրան Ամիրբեկյանին մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա, օգտագործելով իր լիազորությունները, 2015-2016թթ. ընթացքում նույն բաժնի հաշվապահ Ժաննա Ադամյանի հետ հանցավոր համաձայնության գալով, բաժնի արտաբյուջետային միջոցներից գումարներ է փոխանցել ինչպես իր, այնպես էլ նախկինում նույն բաժնի աշխատակիցներ Ժաննա Ադամյանի հարազատների հաշվեհամարներին»,– գրում է պարբերականը:
Ըստ քրեական գործի նյութերի` Ամիրբեկյանը կանխիկացրել է 5.7 մլն դրամ կազմող գումարը, այնուհետև յուրացրել այն:
Ժաննա Ադամյանը ևս հայտնվել է մեղադրյալի աթոռին նույն արարքի համար:
Նշենք, որ ոստիկանությունն ավելի ուշ պարզաբանում տարածեց այս հոդվածի վերաբերյլալ` նշելով, որ Տիգրան Ամիրբեկյանը ոչ թե ոստիկանության ՊՊԳ վարչության նախկին պետն է, այլ մինչև 2016 թվականի դեկտեմբեր, զբաղեցրել է նույն վարչության Գյումրու պահպանության բաժնի պետի պաշտոնը: